Տեղի ունեցավ ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգ

0
94

Տեղի ունեցավ ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման հերթական աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ս. Հարությունյանը, նախարարության աշխատակիցներ: Հանդիպման նպատակն էր քննարկել “Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրում տուն-ինտերնատներում” ծրագրի մոնիթորինգի գնահատման անձնագիրն ու չափորոշիչները:

Տուն-ինտերնատները բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ են, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման համար: Հայաստանի Հանրապետությունում գործում է 8 տուն-ինտերնատ, ՀՀ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ` 4-ը. երեքն ընդահուր տիպի /Երևանի Նորքի, թիվ 1, Գյումրու տարեցների և հաշմանդամների/ և մեկը` հատուկ տիպի /Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ/: Խնամվողների ընդհանուր թիվը 1090 է: Տուն-ինտերնատներ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կողմից տրված ուղեգրի հիման վրա:

Նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Ա. Գևորգյանը մանրամասն ներկայացրեց նշված հաստատությունների ստեղծման պատմությունը, գործունեությունն ապահովող իրավական ակտերը, մատուցվող ծառայությունները և ընդունելության կարգը: Հանդիպման մասնակիցները կետ առ կետ քննարկեցին “Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրում տուն-ինտերնատներում” ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները, իրականացվող գործողություններն ու ոլորտում վարվող քաղաքականությունը, ինչպես նաև հավաքագրվող մոնիթորինգային ցուցանիշները: Ներկայացվեցին մի շարք առաջարկություններ, դիտարկումներ, որոնք կներառվեն վերջնական գնահատման ընթացքում: