0
93

Նոյեմբերի 4-ին Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով մարզի սոցիալական աշխատողներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ընդգծեց սոցիալական աշխատողի առանձնահատկությունները, այն է՝ համբերատարություն, մարդասիրություն, բանիմացություն, հմտությունների և կարողությունների կիրառում, հոգատարություն, բարություն:

<Երկրում իրականացվող համակարգային փոփոխությունները միտված են հասարակության բոլոր շերտերի, այդ թվում՝ խոցելի խմբերի կենսամակարդակը բարելավելուն: Բազմաթիվ են մարզի բնակիչներին մատուցվող սոցիալական բնույթի ծրագրերն ու նախաձեռնությունները: Դուք բնակիչների հետ անմիջական շփում ապահովող այն օղակն եք, որը մշտապես նրանց կողքին է: Առավելագույնս օգտակար եղեք նրանց, ովքեր ունեն ձեր աջակցության կարիքը>,- իր խոսքում նշեց նախարարը:

Մարզպետ Ս. Սահակյանն էլ իր հերթին շնորհավորելով ներկաներին նշեց, որ իր գործունեության գլխավոր խնդիրներից մեկը համարում է խոցելի խմբերին աջակցելը, իսկ բնակիչների կենսապահովման խնդիրների բարելավման ուղղությամբ դրսևորում է ամենօրյա հետևողականություն, ուշադրություն, գործնական աջակցություն:

<Դուք համբերատարություն պահանջող ամենօրյա ծանր աշխատանք եք կատարում, որը պետք է ըստ արժանվույն գնահատել:  Բնակչի նկատմամբ ձեր վերաբերմունքով է պայմանավորված նրա վստահությունը ինչպես սոցիալական ոլորտի, այնպես էլ վաղվա օրվա նկատմամբ>,- ասաց մարզպետը:

Սոցիալական աշխատողի օրվա և բարեխիղճ աշխատանքի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարի շնորհակալագրով և մարզպետի պատվոգրով:

Մասնագիտական տոնի կապակցությամբ միջոցառման մասնակիցներին ներկայացվեց լուսանկարների և տեսապատկերների ցուցադրություն, մարզի մշակութային խմբերն ու անհատ կատարողներն էլ ուրախություն պարգևեցին սոցիալական աշխատողներին: