Նոյեմբերի 4-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մասնակցեցին Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային նոր կենտրոնի բացմանը: Քաղաքապետը նախարարի ուղեկցությամբ շրջեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված աշխատանքային պայմաններին: Մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ քաղաքապետ Տ. Մարգարյանը շնորհավորեց կենտրոնի աշխատակիցներին:
<Ձեր աշխատանքն իրոք դժվար է և շատ պատասխանատու: Վստահեցնում եմ, որ այն մեր կողմից իսկապես գնահատվում է: Համոզված եմ, որ կենտրոնի բացումով առաջին հերթին կբարձրանա բնակիչներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակը: Շատ կարևոր է նաև այն խորհրդատվությունը, որ տրամադրվում է ձեր կողմից: Անշուշտ դեռ անելիքներ կան, բայց և վստահ եմ, որ նմանատիպ կենտրոնների գործարկումով կամրապնդվի սոցիալական ծառայությունների նկատմամբ մեր ժողովրդի վստահությունը>,-ընդգծեց քաղաքապետ Տ. Մարգարյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն էլ իր հերթին նշեց, որ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծումը կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը: <Ոչ միայն տարածքի խնդիրն է մեկ շենքում հավաքել սոցիալական տարբեր ծառայությունները, այլ բովանդակությունը: Այն է՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրում սոցիալական աշխատողների միջոցով, որը էապես բարձրացնելու է և’ հասցեականությունը, և’ որակը սոցիալական ծառայությունների, և, որ ամենակարևորն է քաղաքացիների որևէ դիմում անպատասխան չի մնա>,-հավաստեց նախարար Ա. Ասատրյանը:
Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը թվով վեցերորդն է Երևանում: Պատասխանատուների հավաստմամբ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նման կենտրոններ կձևավորվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նմանատիպ կենտրոնների ձևավորումը նպատակ ունի մեկ տանիքի տակ կենտրոնացնել սոցիալական տարբեր ծառայությունների մատուցումը, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել քաղաքացիներին: