0
138

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներակայացուցիչ Քրիստոֆ Բիերուրիթիին: Նախարարը շնորհավորեց հյուրին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս  հայտնեց, որ կշարունակվի տարիների պատմություն ունեցող համագործակցությունը:

<Մեր աշխատանքում նոր մարտահրավերներ կան, չլուծված խնդիրներ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ կառավարությանը՝ շուրջ 10000 սիրիահայերին հյուրընկալելու համար, ինչը մեծ մարդկային քայլ էր: Մենք սերտորեն համագործակցում ենք միգրացիոն պետական կոմիտեի և ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Կցանկանայի այսօր խոսել 3 հիմնական խնդիրների մասին, որոնք օրակարգային են և առնչվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը>,-նշեց պարոն Բիերուրիթին: Հյուրի ներկայացմամբ՝ դա սիրիահայերի ինտեգրումն է սոցիալական համակարգում, համագործակցությունը <Զբաղվածության պետական ծառայություն> գործակալության հետ և 2014թ. համատեղ պլանների մշակումը:

Պարոն Ասատրյանը երեք հարցերի մասին ներկայացրեց իր մոտեցումները, մասնավորապես՝ սիրիահայերի ինտեգրման գործընթացների վերաբերյալ նշելով, որ ՀՀ օրենսդրությունը սոցիալական պաշտպանության ոլորտում տարբերություններ չի դնում ՀՀ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականի կարգավիճակ ունեցողների միջև: Նախարարը հյուրին տեղեկացրեց,  որ սիրիահայերի ինտեգրման ուղղությամբ ՀՀ կառավարությունը մեծ աշխատանք է կատարել՝ հեշտացնելով կարգավիճակ, քաղաքացիություն ստանալու խնդիրները, թուլացնելով մաքսային ռեժիմը գույք ներկրողների համար: Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին (նպաստ, կենսաթոշակ, զբաղվածության ծրագրեր և այլն), դրանք լուծվում են, սակայն դա պահանջում է  շարունակական և հետևողական աշխատանք:

<Ներկայումս 4 մարզերում իրականացնում ենք միգրացիոն ռիսկի ենթակա 1000 ընտանիքի ամբողջական կարիքների գնահատում, որի հիման վրա կառաջարկենք հասցեական ծրագրեր: Մշակել ենք նոր տեղեկատվական ցանց, որը տարբեր շտեմարաններից քաղաքացու վերաբերյալ ստանում է անհրաժեշտ ինֆորմացիա, ինչը հնարավորություն է տալիս սոցիալական դեպք վարողին իրականացնել համապատասխան ծրագրեր: Փորձում ենք վաուչերների միջոցով աջակցել ոչ պետական կազմակերպություններին, սիրիահայերին աշխատանքի տեղավորելու պարագայում, նրանց ընդգրկում ենք զբաղվածության ակտիվ ծրագրերում, պատրաստ ենք վերապատրաստել այն սիրիահայերին, որոնք համապատասպան կրթություն և ցանկություն կունենան՝ որպես սոցիալական աշխատողներ ընդգրկելով նրանց մեր համակարգում>,- նշեց պարոն Ասատրյանը:

Կողմերը քննարկեցին նաև 2014թ. համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնք մոտ ապագայում  ավելի առարկայական ծրագրերի տեսք կստանան: