Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային նոր կենտրոնի բացմանը: Բարձրաստիճան հյուրերը շրջեցին կենտրոնում, ծանոթացան ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: <Մեկ պատուհանի> սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի, վերապատրաստման դասընթացներ են անցել բոլոր սոցիալական աշխատողները:
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը՝ հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 50-ից ավելի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները: