Նորքի տուն-ինտերնատում ավանդաբար նշվում են բոլոր տոները և մարտի 8-ն էլ բացառություն չէր: Այդ օրը տարեցները նշեցին տոնական ճաշկերույթով, երգ-երաժշտությամբ և իհարկե` հյուրերով: Բնականաբար տարեց կանայք ստացան նաև տոնական նվերներ:
Տուն_ինտերնատում խնամվող կանանց շնորհավորելու էին եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն և իր գործընկերները, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը` տիկնոջ հետ:
Հյուրերը պարեցին տուն–ինտերնատի խնամվողների հետ ազգային երաժշտության հնչյունների ներքո: Խնամվող կանայք շոյված էին նվերներից ու ցուցաբերված ջերմ վերաբերմունքից: Պատկառելի տարիքը և կյանքի անցած դժվարին ուղին նրանց մեջ չէր կոտրել կենսախինդ ու կանացի լինելու ցանկությունը: Հյուրերը մտերմիկ զրույցի էին բռնվել տատիկ-պապիկների հետ: Ինչպես պարզվեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը և նրա կինը տուն–ինտերնատում սպասված հյուրեր էին, քանի որ նրանք ապրում են հարևանությամբ և հաճախ են այցելում խնամվողներին:
Տոնական օրը նշանավորվեց նաև նրանով, որ այդ օրը տուն-ինտերնատում բացվեց նոր դեղատուն, որը հագեցած էր տարեցներին անհրաժեշտ դեղորայքով և դեղորայքի բաշխման համար էլ ներդրվել էր ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգ:
Տոնական միջոցառումն անցավ ուրախ և անբռնազբոս մթնոլորտում: Տատիկ-պապիկների ուրախ ու տխուր աչքերից հասկացանք, որ “ձախորդ օրերը կուգան ու կերթան…” և կյանքը շարունակվում է և այն գեղեցիկ է ամեն տարիքում: