Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ճանապարհին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստ

0
77

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ճանապարհին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին և հրավիրված անձանց՝ նախարարը նշեց, – “Պետք է արձանագրենք, որ նկատելի փոփոխություններ են կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ  հասարակության վերաբերմունքի մեջ: Մեր խնդիրը ևս ոչ միայն այդ անձանց սոցիալական աջակցություն տրամադրելն է, այլ բոլոր ոլորտներում հավասար հնարավորություններ ապահովելը: Այս առումով և Երևանում, և մարզերում մեծ աշխատանք է կատարվել, սակայն նաև շատ անելիքներ ունենք”:

Օրակարգի առաջին հարցը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբհաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների 2013թ. հաշվետվությունների ներկայացումն էր:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը հանգամանորեն ներկայացրեց քաղաքապետարանի կողմից իրականացրած բոլոր ծրագրերը, ընդգծելով, որ դրանք իրականացվել են պետական տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով: Խոսելով սոցիալական աջակցության, ներառական կրթության, մշակույթի, սպորտի, իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում կատարված աշխատանքների մասին, պարոն Արեյանն առանձնացրեց  քաղաքաշինական միջավայրն ու տրանսպորտային միջոցները հարմարեցնելու ուղղությամբ արդեն իսկ արված և կատարվելիք քայլերը: Մասնավորապես՝ արդեն կա Երևանի քաղաքապետի որոշումը. հասարակական նշանակության բոլոր շինությունների նախագծման փուլում պարտադիր պայման է թեքահարթակների առկայությունը, շինությունները շահագործման կընդունվեն միայն հասարակական կազմակերպությունների դրական վիզաների առկայության դեպքում: Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին՝ 2014թ. 10 ավտոբուս կհարմարեցվի տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին, քննարկվում է նաև հարմարեցված  տաքսիների գաղափարը:

Պարոն Արեյանն առաջարկեց ազգային հանձնաժողովի անունից դիմել քաղաքաշինության նախարարությանը՝ շրջակա միջավայրի  ունիվերսալ դիզայնի պարտադիր նորմեր նախատեսելու, եղած խնդիրներին օրենսդրական լուծումներ տալու համար:

Մարզային հանձնաժողովների նախագահները ևս ներկայացրեցին կատարված աշխատանքները, խնդիրները: Պետք է նշել, որ խնդիրները, չնչին տարբերություններով,  միատեսակ են համարյա բոլոր մարզերում: Բոլոր զեկուցողները նշեցին հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխության, հասարակական կազմակերպությունների աճող ակտիվության, խնդիրները համատեղ լուծելու անհրաժեշտության մասին:

Օրակարգի երկրորդ հարցի՝ Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգայինդասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշման­դամության սահմանման մոդելի մասին զեկուցեց ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Ա.Հակոբյանը, իսկ ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա.Կեսոյանը տեղեկատվություն տրամադրեց հաշմանդամություն ունեցող անձանց որոշ հիմնախնդիրների վերաբերյալ:

Զեկուցումներին հաջորդեց շահագրգիռ քննարկում, արվեցին առաջարկություններ, որոնցից մի քանիսի վերաբերյալ  նախարարը տվեց հանձնարարականներ:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ պարոն Ասատրյանը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքների համար և նշեց,- “Հաշմանդամությանը վերաբերող ցանկացած հարց արագ և արդյունավետ լուծում է ստանում, երբ դրանց լուծմանը մասնակցում են հենց իրենք՝ հաշմանդամություն ունեցող անձինք, երբ կա համագործակցություն բոլոր կառույցների միջև”: