2015 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը վերանվանվել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի: Հղիության ու ծննդաբերության դեպքում տրվում է մայրության նպաստ` նախկին հղիության և ու ծննդաբերության նպաստի փոխարեն:
Ստորև ներկայացված են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով մայրության նպաստի վերաբերյալ փոփոխությունները:
- «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակահատվածը սկսվել է) 2015 թվականի հունվարի 1-ից հետո:
- Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամներին մայրության նպաստը տրվում է որպես չաշխատող անձ` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն:
- Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից:
- Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:
- Մայրության նպաստը, հաշվարկվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի (նախկինում` աշխատանքային օրերի) համար:
- Մայրության նպաստը, ինչպես և նախկինում հղիության ու ծննդաբերության նպաստը, ամբողջությամբ վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ այն դեպքի, երբ միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, որի դեպքում այդ չափը գերազանցող գումարից մայրության նպաստը կարող է նշանակվել (հաշվարկվել) գործատուի միջոցներից` գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված լինելու դեպքում):
- Մայրության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի համար) սահմանվել է վերին շեմ, փոխվել է ստորին շեմը`
ա) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկն է` 992 070 դրամը (հուլիս 1-ից` 1 091 265 դրամը): Նախկինում վարձու աշխատողին տրվող հղիության ծննդաբերության նպաստի համար վերին շեմ սահմանված չէր:
Օրինակ 1. Եթե նախկինում 1 800 000 դրամ միջին ամսական աշխատավարձի դեպքում վարձու աշխատողի մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստը հաշվարկվում էր հենց այդ գումարից, ապա ներկայումս կհաշվարկվի 992 070 դրամից, իսկ հուլիս 1-ից հետո` 1 091 265 դրամից:
բ) Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի դեպքում առավելագույն շեմի փոփոխություն չկա. ինչպես և նախկինում նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկը գերազանցելու դեպքում մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկից:
գ) Փոխվել է մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստի ստորին շեմը` նախկին նվազագույն աշխատավարձի չափի փոխարեն այն ներկայումս կազմում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:
Օրինակ 2. Եթե նախկինում 30 000 դրամ միջին ամսական աշխատավարձի դեպքում վարձու աշխատողին տրվող մայրության (հղիության և ծննդաբերության) նպաստը հաշվարկվում էր 66 138 դրամից, ապա ներկայումս կհաշվարկվի դրա 50 տոկոսից` 33 069 դրամից:
- Փոխվել է վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը`
ա) Ինչպես և նախկինում` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկման հաշվարկային ժամանակահատվածը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսներն են:
բ) Վարձու աշխատողի մայրության նպաստի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական գործատուն հաշվի է առնում նաև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այն գործատուների վճարած եկամուտները, որոնց հետ անձը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ:
Օրինակ 3. (աղյուսակում 1-ին ամիսը հաշվարկային ժամանակահատվածի` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող առաջին ամիսն է… , աշխատավարձի չափերը բերված են հազար դրամներով).
1-ին ամիս | 2-րդ ամիս | 3-րդ ամիս | 4-րդ ամիս | 5-րդ ամիս | 6-րդ ամիս | 7-րդ ամիս | 8-րդ ամիս | 9-րդ ամիս | 10-րդ ամիս | 11-րդ ամիս | 12-րդ ամիս | Ընդամենը | |
հիմնական գործատու | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 1200= 100×12 |
1-ին գործատու | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 360= 30×12 |
2-րդ գործատու | 50 | 50 | 50 | 50 | 50 | 50 | 300= 50×6 | ||||||
ընդամենը 12 ամսվա եկամուտ | 1,860=
1200+360+300 |
||||||||||||
միջին ամսական աշխատավարձ | 155= 1860/12 |
գ) Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկելիս, եթե հաշվարկային ժամանակահատվածում ընդգրկվող` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից (օրինակում` 2-րդ գործատուն), ապա հիմնական գործատուն հաշվի է առնում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
Օրինակ 4. (նախորդ օրինակն է, այն տարբերությամբ, որ անձը մինչև 2-րդ գործատուի մոտ աշխատելը աշխատել է նաև այլ` 3-րդ գործատուի մոտ, որի հետ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ).
1-ին ամիս | 2-րդ ամիս | 3-րդ ամիս | 4-րդ ամիս | 5-րդ ամիս | 6-րդ ամիս | 7-րդ ամիս | 8-րդ ամիս | 9-րդ ամիս | 10-րդ ամիս | 11-րդ ամիս | 12-րդ ամիս | Ընդամենը | |
հիմնական գործատու | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 100 | 1,200 |
1-ին գործատու | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 30 | 360 |
2-րդ գործատու | 50 | 50 | 50 | 50 | 50 | 50 | 300 | ||||||
3-րդ գործատու | 40 | 40 | 40 | 40 | 40 | 40 | 40 | 40 | 240 | ||||
ընդամենը 12 ամսվա եկամուտ | 2,100 | ||||||||||||
միջին ամսական աշխատավարձ | 175 |
Օրինակում 3-րդ գործատուի կողմից 5-րդ և 6-րդ ամիսների համար վճարած աշխատավարձը հաշվի չի առնվում, քանի որ այդ ամիսների համար հաշվի է առնվել 2-րդ գործատուի վճարած աշխատավարձը:
դ) Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Նախկինում հաշվի էր առնվում մինչև երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը (այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաստի գումարը, եթե դրա վճարման ամիսն ընդգրկվում էր հաշվարկային ժամանակահատվածում):
Օրինակ 5. 3 տարի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի մոտ` աշխատանքի վերադառնալուց 5 ամիս հետո առաջացել է ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի իրավունք: Հաշվետու ժամանակաշրջանի 12 ամիսներից 4-ը (աղյուսակի 1-4-րդ ամիսներ) այդ ամսվան նախորդող ամիսներն են, իսկ մնացած 8-ում (աղյուսակի 5-12-րդ ամսիներ) անձը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկում այդ 8 ամիսների համար որպես եկամուտ կընդունվի երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատողի աշխատավարձը, որը ենթադրենք` կազմել է 80 հազար դրամ:
1-ին ամիս | 2-րդ ամիս | 3-րդ ամիս | 4-րդ ամիս | 5-րդ ամիս | 6-րդ ամիս | 7-րդ ամիս | 8-րդ ամիս | 9-րդ ամիս | 10-րդ ամիս | 11-րդ ամիս | 12-րդ ամիս | Ընդա-մենը | |
աշխատավարձ | 200 | 200 | 200 | 200 | խնամքի արձակուրդ | ||||||||
աշխատավարձ հաշվարկի համար | 200 | 200 | 200 | 200 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 1,140 |
միջին ամսական աշխատավարձ | 120 |
ե) Մայրության նպաստը հաշվարկվում է հաշվարկված մեծությունը (միջին ամսական եկամուտը) 30.4-ի բաժանելու և հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացույցային օրերի թվով բազմապատկելու միջոցով:
- Վարձու աշխատողի մայրության նպաստը նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից հաշվելու դեպքում վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելիս վերահաշվարկ չի կատարվում: