Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին մատուցվող ծառայությունների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ հունվարի 27-ին նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի, համապատասխան վարչությունների աշխատակիցների կողմից ներկայացվեցին 2015թ. իրականացվելիք ծրագրերն ու մատուցվող ծառայությունների տեսակները:
«Կատարվող աշխատանքներում մեծ դեր ունեն տեղեկատվական բազաները, որոնք ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների կիրարկումն ապահովող հիմնական գործիքներն են հանդիսանում: Պետք է անենք առավելագույնը` շահառուներին օր առաջ անհրաժեշտ պարագաներ տրամադրելու և որակյալ ծառայություններ մատուցելու համար: Շահառուի կարիքի ճիշտ գնահատումը կապահովի մեր կողմից տրամադրված ծառայության արդյունավետությունը:»,-իր խոսքում նշեց նախարարը:
Մասնակիցների կողմից քննարկվեցին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, խոսող գրքերի, ձայնաստեղծ ու լսողական սարքերի, սայլակների տրամադրման, բժշկասոցիալական վերականգնման ծառայությունների, ինչպես նաև համակարգի տուն-ինտերնատների, տնային պայմաններում միայնակ տարեցների խնամքի և սոցիալական սպասարկումն ապահովող ծրագրերի իրականացման հետ կապված հրատապ խնդիրները:
Ծրագրերի իրականացման հիմնական գործընթացները ավարտված են. մշակվել են տեխնիկական բնութագրեր, համապատասխան կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր:
Քննարկման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանի կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, այն է՝ ոլորտում ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով իրականացնել անհրաժեշտ վերլուծություններ և օպերատիվ կազմակերպել կատարվող աշխատանքների գործընթացներն ու ընթացակարգերը: