«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները (մաս 1-ին)

0
243

2015 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը վերան­վան­վել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի:
Ստորև ներկայացված են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդա­մի խնամքի դեպքերում տրվող  ժամանակավոր անաշխատու­նա­կու­թյան նպաստներում կատարված հիմնական փոփոխությունները:

  1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակահատվածը սկսվել է) 2015 թվականի հունվարի 1-ից հետո:
  2. Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամներին նպաստ չի տրվում:
  3. Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը, ինչպես և նախկինում` յուրաքանչյուր գործատուի և ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի կողմից:
  4. Նպաստը հաշվարկվում է նախկինի պես` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:
  5. Վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող 5 (նախկինում` 3) աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
  6. Վերացվել են որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխա­տողին նպաստ նշանակելու համար օրենքով սահմանված սահմանափակումները (նախկի­նում պահանջվում էր, որ նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատու­նա­կության ծագումը աշխատեր 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս):
  7. Նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) 80 տոկոսից (նախկինում` 100 տոկոսից):
  8. Նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության` միջին ամսական աշ­խա­տավարձի (եկամտի համար) 80 տոկոսի սահմանվել է վերին շեմ, վերացել է ստորին շեմը.

ա) վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի առա­վե­լա­գույն շեմը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) 10-ապատիկին է: Այսինքն, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսը գերազանցում է 66 138 x 10=661 380 դրամը (հուլիսի 1-ից` 72 751 x 10=727 510 դրամը), ապա նպաստը հաշվարկվում է 661380 դրամից (հուլիսի 1-ից` 727 510 դրամից): Նախկինում վարձու աշխատողին տրվող նպաստների բոլոր տեսակների համար վերին շեմ սահմանված չէր:

Օրինակ 1. Եթե նախկինում 800 000 դրամ միջին ամսական աշխատավարձի դեպքում վարձու աշխատողին հիվանդության համար տրվող նպաստը հաշվարկվում էր հենց այդ գումարից, ապա ներկայումս կհաշվարկվի 640 000 դրամից (800 000 x 80%), իսկ 900 000 դրամի դեպքում ներկայումս կհաշվարկվի 661 380 դրամից (900 000×80%=720 000 դրամը գերազանցում է 661 380 դրամը):

բ) Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի դեպքում միջին ամսական եկամտի 80 տոկոսի համար առավելագույն շեմը նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկն է` 330 690 դրամը (հուլիսի 1-ից` 363 755 դրամը): Նախկինում վերին շեմ սահմանված էր ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող նպաստների բոլոր տեսակների (այդ թվում` հղիության ծննդաբերության նպաստի) համար` նույն` նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով, սակայն հիմք էր ընդունվում միջին ամսական ամբողջ եկամուտը, ոչ թե 80%-ը:

Օրինակ 2. 400 000 դրամ միջին ամսական եկամտի դեպքում ինքնու­րույ­նա­­­բար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը նախկինում հաշ­վարկ­վում էր 66 138×5=330 690 դրա­մից (նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկից), ապա ներկա­յումս կհաշ­վարկ­վի 320000 դրամից (400 000 x 80%), իսկ 500 000 դրամ միջին ամսական եկա­մտի դեպ­քում թե նախկինում և թե ներկայումս կհաշվարկվի 330 690 դրամից (և 500 000 դրամը, և 400 000 դրամը (500 000 x 80%) գերազանցում են նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկը):

գ) Վերացել է վարձու աշխատողի նպաստի հաշվարկման հիմքում դրվող միջին ամսական աշխատավարձի ստորին շեմը (նախկինում նվազագույն ամսական աշխատավարձի չափն էր):

դ) Վերացել է առանձին դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի հաշվարկման հիմքում ընկած միջին ամսական եկամտի ստորին շեմը (նախկինում տվյալ տարվա ընթացքում պետական գրանցում է ստացած կամ ժամանակավոր անաշխատու­նա­կու­թյան դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չունեցած, սակայն եկամտային հարկ վճարած ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում էր նվազագույն ամսական աշխատավարձի չափից):

  1. Փոխվել է վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը`

ա) Ինչպես և նախկինում` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի  հաշվարկման հաշվարկային ժամանակահատվածը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսներն են:

բ) Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Նախկինում հաշվի էր առնվում մինչև երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացու­ցայ­ին ամիսների համար վճարված եկամուտը (այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաս­տի գումարը, եթե դրա վճարման ամիսն ընդգրկվում էր հաշվարկային ժամանակահատվածում):
Օրինակ 7. 3 տարի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի մոտ` աշխատանքի վերադառնալուց 5 ամիս հետո առաջացել է ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի իրավունք: Հաշվետու ժամանակաշրջանի 12 ամիսներից 4-ը (աղյուսակի 1-4-րդ  ամիսներ) այդ ամսվան նախորդող ամիսներն են, իսկ մնացած 8-ում (աղյուսակի 5-12-րդ ամսիներ) անձը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկում  այդ 8 ամիսների համար որպես եկամուտ կընդունվի երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատողի աշխատավարձը, որը ենթադրենք` կազմել է 80 հազար դրամ:

1-ին ամիս 2-րդ ամիս 3-րդ ամիս 4-րդ ամիս 5-րդ ամիս 6-րդ ամիս 7-րդ ամիս 8-րդ ամիս 9-րդ ամիս 10-րդ ամիս 11-րդ ամիս 12-րդ ամիս Ընդամենը
աշխատավարձ 200 200 200 200 խնամքի արձակուրդ
աշխատավարձ հաշվարկի համար 200 200 200 200 80 80 80 80 80 80 80 80 1,140
միջին ամսական աշխատավարձ 120

գ) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկում է միայն մեկ գործատու` հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Նախկինում ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում հաշվի էր առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:

դ) Նպաստը հաշվարկվում է հաշվարկված մեծությունը (միջին ամսական եկամտի 80%-ը) 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 25-ի (6-օրյա աշխատանքային շաբաթ) բաժանելու և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած համապատասխան աշխատանքային օրերի թվով բազմապատկելու միջոցով: