Տեղի ունեցավ բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

0
82

Տեղի ունեցավ բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացումն ապահովելու  նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական  նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը:

Բացելով նիստի աշխատանքը՝  հանձնաժողովի նախագահը նշեց,- “Մեծ աշխատանք է կատարվել մեր նախարարության, մյուս գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների կողմից: Այսօրվա նիստի նպատակներից մեկն էլ բոլորի կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրելն է, որպեսզի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամբողջական պատկերացում կազմի տարվա ընթացքում արվածի, նաև՝ խնդիրների մասին”:

ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների բաժնի պետ Ա.Գևորգյանը մանրամասնորեն ներկայացրեց տեղեկատվություն “Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանությանռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի” 2013 թվականի միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ըստ տիկին Գևորգյանի բավարար աշխատանքներ են իրականացվել տարեցների սոցիալական պաշտպանության և աջակցության, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում: Ծրագրերի մեծ մասը շարունակվելու է մինչև 2016թվականը:

Նույն ծրագրի 2014 թվականին իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ զեկուցեց ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա.Կեսոյանը: Արդեն իսկ գործող ծրագրերին զուգահեռ նախատեսվում է ընտանեկան տիպի հաստատությունների ստեղծում, ինչպես նաև տնային սպասարկման իրականացում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար: 2014թ. կմշակվեն համապատասխան կարգերը, 2015-ից դրանք կգործեն:

Մտքերի փոխանակության ժամանակ եղան առաջարկություններ, մասնավորապես՝ տիկին Բաղդասարյանն առաջարկեց բոլոր գերատեսչությունների ռազմավարական պլանները, հայեցակարգերը մշակելիս անպայման հաշվի առնել տարեցների խնդիրները: “Առաքելություն Հայաստան” հասարակական կազմակերպության առաջարկով հանձնաժողովը կդիմի ՀՀ մշակույթի և սպորտի նախարարություններին՝ կազմակերպության կենտրոններում տարեցների ակտիվ հանգիստը կազմակերպելու համար մասնագետներ տրամադրելու խնդրանքով:

Հանձնաժողովի անդամներին տրվեց մեկ շաբաթ՝ գերատեսչություններում 2014թ. ծրագիրը քննարկելու, լրացուցիչ առաջարկություններ տալու համար, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: