Ընտանիքում մեծանալու հնարավորության ընձեռում երեխաներին

0
105

2014թ. հունիսի 2-ին “Կոնգրես” հյուրանոցի “Պիկասո” սրահում տեղի ունեցավ հանդիպում խնամատար ընտանիքների հետ, որին մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Դիանա Դուրիչը, երեխաների խնդիրներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից 2014թ. Ընտանիքի տարի հռչակելու խորագրի ներքո՝ նպատակ ունենալով կարևորել խնամատար ընտանիքների դերը՝ որպես այլընտրանքային խնամքի լավագույն տարբերակներից մեկը խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համար:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը նախ շնորհավորեց ներկաներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, երեխաներին մաղթեց խաղաղություն և ապահով մանկություն:

“Մենք պետք է  մտածենք ոչ միայն  մեր, այլև մեր շրջապատի երեխաների մասին, ովքեր գտնվում են կյանքի դժվարին իրավիճակներում, լուծենք նրանց խնդիրները, հնարավորություն ընձեռենք՝ ապրելու ընտանիքում: Խնամատար ընտանիքի ինստիտուտը զարգացման մեծ հեռանկար ունի մեր երկրում, իսկ կուտակած փորձը հնարավորություն կտա ապահովել ավելի մեծ առաջխաղացում: Այստեղ ներկա գտնվող ընտանիքները մեծ աշխատանք են կատարել, արժանի են հարգանքի և գնահատանքի”,-նշեց նախարարը:

Պարոն Ասատրյանը շնորհակալություն հայտնեց նաև գործընկեր կազմակերպություններին՝ համակողմանի աջակցության համար և վստահեցրեց, որ պետական կառույցների ուշադրությունն այսուհետ կլինի ավելի զգալի:

“Բոլոր երեխաները ընտանիքում մեծանալու իրավունք ունեն: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գերակայություններից է՝ ապահովել, որպեսզի երեխաները մեծանան ընտանեկան միջավայրում և այն դեպքում, երբ հնարավորություն չկա երեխային իր կենսաբանական ընտանիքում մեծանալու, ստեղծել այլընտրանքներ, ինչպես օրինակ ընդարձակ և խնամատար ընտանիքները: Ոչ մի երեխա չպետք է մեծանա խնամքի հաստատությունում, եթե կա ընտանեկան միջավայրում ապրելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ մենք միավորենք ջանքերը այս տեսլականը իրականություն դարձնելու այն հայ մանուկների համար, որոնք ներկայումս գտնվում են խնամքի հաստատություններում”,- նշեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Դիանա Դուրիչը:

Միջոցառմանը մասնակցեցին Երևանի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերից 14 ծնող և 16 երեխա, որոնց պ. Ասատրյանը և տ. Դուրիչը հանձնեցին շնորհակալագրեր և նվերներ:

2005թ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն աջակցեց փորձնական ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր խնամատար ընտանիքների ծառայության ստեղծումը Հայաստանում: Ծրագիրն իրականացվեց Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությամբ: Մանկատան 25 սաներ կարողացան ստանալ ընտանեկան խնամք խնամատար ընտանիքների միջոցով: Այս հաջողությանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը միավորեց ջանքերը ավելի շատ երեխաների խնամատար ընտանիքներում մեծանալու հնարավորություններ ստեղծելու համար, ինչպես նաև բյուջետային աջակցություն ապահովեց այն երկարատև դարձնելու նպատակով: