Բարելավվում են աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող օրենսդրական կարգավորումները

0
101

Հունիսի 23-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հանդիպմանը մասնակցում էին խորհրդի անդամները, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող ԵԱՀԿ, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի, Արժույթի միջազագային հիմնադրամի և “ԵՄ Թվինինգ” ծրագրի ներկայացուցիչները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Ա. Եղիազարյանը ներկայացրեց կենտրոնի՝ աշխատանքային իրավահարաբերություններին և բնապահպանական և բնօգտագործման վճարներին վերաբերող բարեփոխումների առաջարկները: “Մեր գործունեության նպատակն է կրճատել, պարզեցնել բիզնեսի և քաղաքացիների ուսերին ընկնող կարգավորումների բեռը: Ներկայացված առաջարկները քննարկվում են շահագրգիռ կառույցների ու բիզնեսի հետ, ապա ներկայացվում Բարեփոխումների խորհրդի նիստին”,-նշեց նա:

Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծվել են համապատասխան տեղեկատվական բազաներ, որոնք պետական կենսաթոշակային ոլորտում լիազոր մարմնին թույլ են տալիս այսուհետ աշխատողների աշխատանքային ստաժը ստանալ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանից՝ ինքնաշխատ ձևով, աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առաջարկվել է աշխատանքի ընդունվողների համար դադարեցնել աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը, իսկ աշխատանքային գրքույկների բացակայության պարագայում աշխատանքի ընդունվողների աշխատանքային գործունեության մասին տեղեկատվությունը գործատուները պահանջեն կենսագրական բնութագրերի միջոցով:

Մեկ այլ առաջարկով հանվում է գործատուի՝ բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտադրությունը, ինչը թղթատարություն և դրա հետ կապված ծախսեր է կրճատում: Ծախսեր է կրճատվում նաև՝ վերացնելով գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը ցուցատախտակների վրա փակցնելու և 5 աշխատանքային օր պահպանելու օրենսդրական պահանջը:

Առաջակություններն անելիս ուսումնասիրվել են մի շարք երկրների փորձը: