«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է արդյունավետ համագործակցություն» Ա. Ասատրյան

0
102

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի պաշտոնակատար տիկին Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն տիկին Կարեն Հիլիարդին: Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արտեմ Ասատրյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ շարունակական աջակցությունը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ՝ շեշտելով միասնական ընդունարանի և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումներին: Ֆրիցին հետարքրքվել է, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվում հաստատությունները «բեռնաթափելու» ուղղությամբ:

«Մեր նպատակը մեկն է՝ երեխան պետք է ապրի ընտանիքում և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ, երեխային որդեգրման կամ խնամատար ընտանիքներ ուղղորդելուն զուգահեռ, պետք է ստեղծվեն այլընտրանքային ծառայություններ՝ վերականգնողական, ցերեկային խնամքի կենտրոններ: Պետք է խորքային կարիքների գնահատում իրականացվի, պարզելու երեխայի՝ հաստատություն հայտնվելու պատճառները: Միայն կարիքի խորքային գնահատումն ու դրա հիման վրա կատարված կանխարգելիչ աշխատանքները թույլ կտան խնդրին տալ համակարգային լուծում»,-իր խոսքում կարևորել է նախարարը:

Քննարկվել է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում IBM-ի հետ ստորագրված համագործակցության հուշագրի դրույթների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս համատեքստում ԱՄՆ ՄԶԳ-ի հնարավոր ներգրավումը:

Հանդիպման ավարտին Սյուզան Ֆրիցը շնորհակալություն է հայտնել նախարարին սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրված արդյունավետ ջանքերի և արձանագրված հաջողությունների համար: Նախարարն էլ իր հերթին նշել է, որ ոլորտում կատարվող բոլոր աշխատանքները իրականացվում են միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում և հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ունեցած սերտ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: