Ավելացվում են զինծառայողների պարգևավճարները

0
86

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Օրակարգում ընդգրկված “Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում էր ս/թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովությանմասին” և “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքների փոփոխությունից:

Մասնավորապես, նշված օրենսդրական փոփոխությամբ դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակները վերանվանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ: Սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում (պայմանավորված է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմաններում կատարված փոփոխություններով):

Այս բոլոր դրույթներն արտացոլվել են “ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ կառավարության որոշման մեջ:

Բացի այդ, որոշմամբ սահմանվել է տեղեկանքի նոր ձև՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամին դրամական օգնություն նշանակելու համար:

2014թ. օգոստոսի 1-ից 5000 դրամով կբարձրանա հաշմանդամ զինծառայողներին, առանձին դեպքերում նաև` զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարների չափերը:

Պարգևավճարը բարձրացվում է հետևյալ կատեգորիայի անձանց համար`

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,

3) Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,

4) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող` Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները,

5) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք` (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը: