Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսիին

0
68

Հուլիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսիին:

2011թ. դեկտեմբերի 23-ին Երևանում ստորագրվել էր “Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին” փոխըմբռնման հուշագիրը, որը մշակվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ` հիմք ընդունելով 2005թ. հունվարի 25-ին Թեհրանում երկու երկրների միջև ստորագրված միջգերատեսչական փոխըմբռնման հուշագրի դրույթները:

Հուշագրով նախատեսվում է երկկողմ փորձագիտական խորհրդատվության տրամադրում, մասնագետների փոխադարձ ճանաչողական այցելությունների կազմակերպում, իրավական ակտերի, հետազոտությունների և այլ նյութերի փոխանակում, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության, մասնագիտական ուսուցման, սոցիալական աջակցության, կենսաթոշակային, ընտանիքի, կանանց և երեխաների, տարեցների, հաշմանդամների հիմնահարցերի շուրջ:

Փաստաթղթով պայմանավորված կետերի իրականացման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է Իրանի Իսլամական հանրապետության կողմից ներկայացված ծանուցումը ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ինչով կապահովվի համապատասխան օրենսդրական դաշտը` աշխատանքներն ավելի արագ ու արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պարոն Ասատրյանը նշեց. “Մեծապես կարևորում եմ երկու բարեկամ երկրների հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու աշխատանքներն ևս բարերար ազդեցություն կունենան երկու պետությունների զարգացման ու կայացման գործում: Միջին մասնագիտական կրթությունն ու համապատասխան որակյալ մասնագետները մեր աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, կարծում եմ համատեղ աշխատանքները հնարավորություն կտան զարգացնելու նաև այդ ոլորտը”:

“Խորին ակնածանք ունենալով հայ ժողովրդի և մեր երկրների բազմադարյան բարեկամության նկատմամբ` համոզված եմ, որ արդյունավետ համագործակցությունը կտա տեսանելի արդյունքներ: Վստահեցնում եմ, որ կարճ ժամկետում կլուծվեն բոլոր տեխնիկական խնդիրները և մենք կկարողանանք կիսել ձեռք բերած փորձառությունն ու հմտությունները: Պատրաստ ենք աջակցել և օգտակար լինել ձեր բոլոր նախաձեռնություններում”,- իր խոսքում նշեց դեսպան Մոհամմադ Ռեիսին:

Հանդիպման ավարտին վերահաստատվեցին երկկողմ հարաբերությունները զարգացնելու բոլոր հանձնառությունները: