Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման հանրային արշավ

0
246

“Պողոսյան պարտեզներ” պուրակում հուլիսի 18-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակն իրգործընկեր պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել էր հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման հանրային արշավ, որի նպատակն էր խթանել Հայաստանում ներառման և “Կրթություն բոլորի համար” գաղափարների տարածումը, հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի զարգացման գործում:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամիհայաստանյան գրասենյակի ղեկավար Հ. Արենսը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ծնողներ:

Ողջունելով ներկաներին՝ տիկին Բաղդասարյանը նշեց. “Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախ և առաջ անհրաժեշտ է մատչելի, ներառական միջավայրի ապահովում: Այն չի վերաբերում միայն ֆիզիկական մատչելիությանը, որի դրական փոփոխության ականատեսն ենք մենք: Երեխաների սոցիալական ներառման կարևորագույն նախապայմաններից է ջերմ, ոչ խտրական վերաբերմունքը: Համոզված եմ, որ նմանատիպ ակցիաներն իրենց բարերար ազդեցությունը կունենան կարծրատիպի փոփոխման ու ներդաշնակ հասարակություն ստեղծելու գործում”:

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների իրազեկման ծրագրերից մեկն էր այս, որի հիմնական նպատակն էր` հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների և իրավունքների նկատմամբ հասարակության առավել նպաստավոր վերաբերմունքի ձևավորում, հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ծնողների կողմից իրենց երեխաների իրավունքների, մասնավորապես հիմնական դպրոցում ներառված լինելու և դպրոց հաճախելու իրավունքի գիտակցում, համայնքային կյանքում մասնակցության խթանում, նրանց իրավունքների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում: