Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրում

0
78

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի:

Սայլակները տրամադրվում են 1-ին խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն նրանց հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրի /ՎԱԾ/: ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են 30-63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր կենսաթոշակառուներին` անկախ հաշմանդամության կարգավիճակ ունենալու կամ չունենալու հանգամանքից: Այս գործընթացն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի ձեռք է բերվել շուրջ 500 սայլակ և շուրջ 1000 լսողական սարք:

Սայլակ ստանալու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիր, սոցիալական քարտ, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, ՎԱԾ /եթե ստանում է առաջին անգամ/: Մինչև 18 տարեկան երեխայի սայլակը ստանալու համար տրամադրող կազմակերպություն կարող է դիմել ծնողը կամ խնամակալը, իսկ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար նրա հարազատը կամ բարեկամը` նաև իր անձնագրով:

Լսողական սարք ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը` 30-ից մինչև 63 տարեկան անձինք ներկայացնում են անձնագիր, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության  լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա և ՎԱԾ /եթե ստանում է առաջին անգամ/: 63-ից բարձր տարիք ունեցող և հաշմանդամության կարգավիճակ չունեցող անձինք ներկայացնում են անձնագիր, կենսաթոշակի վկայական, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա:

Համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված ժամկետների` շահառունները  սայլակ կամ լսողական սարք կարող են ստանալ 3 տարին մեկ անգամ:

Սայլակները տրամադրվում են «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00-ը, հասցե` Թբիլիսյան խճուղի 3/14:

Լսողական սարքերը ևս տրամադրվում են «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00-ը, հասցե` Ծարավ Աղբյուրի փողոց 55ա/«Արթմեդ» բժշկական կենտրոն/:

2007 թվականից նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնում է մինչև 18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձանց եվրոպական արտադրության լսողական սարքերի տրամադրման ծրագիրը`  5 տարի ժամկետով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն