Սկսվել են “Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները

0
119

ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն մշակվել և շահագրգիռ մարմիններ կարծիքի է ներկայացվել “Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծումը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցումը, մասնավորապես, աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի և դրանց դադարման, հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժի հասկացության սահմանման, համատեղությամբ աշխատանքի, վերջնահաշվարկի վճարման հստակեցման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների համապատասխանեցումը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին:

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտումտեղի ունեցավ “Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի առաջին քննարկումը, որին մասնակցում էին համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները:

ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղածության վարչության պետ Թ. Ավետիսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց Օրենսգրքի այն դրույթները, որտեղ կատարվել են լրացումներ և փոփոխություններ. ամբողջապես տարանջատվել են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կիրառման կարգը, սահմանվել է “աշխատանքային տարի” հասկացությունը, ամբողջացվել է “արտաժամյա աշխատանքի” հասկացության շրջանակը, կարգավորվել են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատողների աշխատանքից ազատվելու դեպքերում վերջնահաշվարկ վճարելու հետ կապված հարաբերությունները, խմբագրվել են համատեղությամբ աշխատանքային հարաբերությունների կարգավորման դրույթները և հստակեցվել համատեղությամբ աշխատողի ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը, հանվել է աշխատանքային գրքույկ վարելու գործատուի պարտավորությունը, ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է “հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ” հասկացությունը և այլն:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ սեմինար-խորհրդակցություններ կանցկացվեն նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, գործարարների և արդյունաբերողների միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, պետական կառավարման մարմինների (նախարարություններ, գերատեսչություններ), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն փաստաթղթի հետագա լրամշակման աշխատանքների ընթացքում: