«Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ:
Հարցերը, ինչպես եւ սպասում էինք, մեծամասամբ վերաբերում էին կուտակային կենսաթոշակին, թոշակների բարձրացմանը, կենսաթոշակի տեսակ փոխելուն ու սոցիալական մի քանի այլ խնդիրների:
«ԿԱՆ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ ԱՎԵԼԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ»
– Ինչպե՞ս եք վերաբերում, որ ՀՀ նախկին նախագահների կենսաթոշակը օրերս ընդունված օրենքով ավելացավ, մինչդեռ հազարավոր մարդիկ, որպես տարիների աշխատանքային կենսաթոշակ, կոպեկներ են ստանում (ՌՈՄԱՆ, ք. Երեւան):
– Որպես Հայաստանի քաղաքացի` վերաբերում եմ շատ նորմալ, որովհետեւ վերջին հաշվով չպետք է խնդիրը դիտարկենք անձնավորված: ՀՀ նախագահը Հայաստանի համար առաջին պետական պաշտոն զբաղեցնող անձն է, եւ այն պատասխանատվությունը, որ ինքն է կրում մի ամբողջ պետության համար, ենթադրում եմ, որ իմաստ ունի, եւ տրամաբանական է, որպեսզի նրա կենսաթոշակային ապահովությունը իրականացվի այն պայմաններով, ինչով օրենքի Ձեր նշած նախագծով նախատեսվում է: Այս նույն հարցը կարող եմ ձեզ հղել` իսկ ինչպե՞ս եք նայում այն հարցին, որ, օրինակ, հանրապետության նախագահը որեւէ ցանկացած մարդուց ավելի քիչ կենսաթոշակ ստանա: Իմ կարծիքով` դա ճիշտ իրավիճակ չէ ցանկացած պետության եւ ցանկացած նախագահի դեպքում: Այսօր կան շատ պետական պաշտոնյաներ, որոնք ՀՀ նախագահից ավելի կենսաթոշակ են ստանում, դա ճիշտ չէ: Դա նույնն է, թե Ձեր աշխատած հիմնարկում Դուք Ձեր տնօրենից ավել գումար ստանաք: Իհարկե, Դուք աշխատում եք, ոտքներդ ոտքներիդ գցած նստած չեք, բայց պատասխանատվության առումով` Դուք եւ Ձեր տնօրենը այլ հարթություններում եք գտնվում:
«35 ՏԱՐՎԱ ՍՏԱԺՈՎ ՄԵԿ ՏԱՐԻ ՇՈՒՏ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆՑՆԵԼ ԿԵՍԱԹՈՇԱԿԻ»
– Տիկին Գալստյան, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, որի համար արդեն ցմահ թոշակ եմ ստանում, բայց երկու ամսից իմ ծերության թոշակի ժամանակն է: Գիտեմ, որ դրանցից մեկնումեկը պետք է ստանամ, հիմա ո՞ւմ պետք է դիմեմ (ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ, ք.Երեւան):
– Դա կոչվում է կենսաթոշակի տեսակ փոխել, ու պետք է մի լավ հաշվարկ անեք` իմաստ ունի՞ տեսակը փոխել, թե` ոչ: Խորհուրդ կտամ չփոխել, որովհետեւ, ըստ էության, երկրորդ խմբի հաշմանդամի տարիքային, աշխատանքային կենսաթոշակը նույնն է, ինչ-որ երկրորդ խմբի հաշմանդամությանը: Միայն այն տարբերությամբ, որ երկրորդ խմբի հաշմանդամին տրվում է հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով հավելում: Այսինքն` այսօր հիմնական կենսաթոշակը 16 հազար է, դրա 20 տոկոսը` 3200 դրամ է, ինչո՞ւ եք ուզում այդ 3200 դրամը չստանալ:
– Իսկ պե՞տք է որեւէ դիմում գրեմ, որպեսզի կենսաթոշակիս տեսակը չփոխվի:
– Եթե դուք ունեք կենսաթոշակի իրավունք, ապա մինչեւ դիմում չներկայացնեք, ոչ ոք իրավասու չէ Ձեր կենսաթոշակի տեսակը փոխել:
– 58 տարեկան եմ, 32 տարվա աշխատանքային ստաժ ունեմ: Հիմա որտեղ գնում եմաշխատանքի ընդունվելու, տարիքային պատճառով չեն ընդունում: Հնարավո՞ր է, որ միքիչ շուտ անցնեմ թոշակի (ՀԱՅԿԱՆՈՒՇ ԷԼՈՅԱՆ, ք. Երեւան):
– Պետք է մինչեւ 62 տարեկան դառնալը այս 32 տարվա ստաժը դարձնեք 35, որովհետեւ 62 տարեկանում 35 տարվա ստաժով մեկ տարի շուտ կարող եք անցնել կենսաթոշակի: Այնպես որ` Ձեզ չորս տարի ժամանակ կա երեք տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելու համար:
«ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԴԱՌՆԱԼԸ»
– Կինս ֆիզարձակուրդում է, լուրեր էին պտտվում, որ խնամքի նպաստի տեւողությունը սահմանվելու է մեկ տարի… (ՍՈՒՐԵՆ, Արարատի մարզ):
– Եկեք չշարունակենք, լուրերը հիմքեր չունեն: Խնամքի նպաստը տրամադրվում է երկու տարի, այսինքն` մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը: Եթե, իհարկե, այդ ընթացքում ձեր կինը չի աշխատի:
– Իսկ եթե աշխատի՞…
– Բնականաբար, խնամքի նպաստը չի ստանա, որովհետեւ այդ նպաստի տրամաբանությունն այն է, որ կինը կորցնում է եկամուտը, եւ դրա փոխարեն իրեն գումար ենք տալիս, որպեսզի երեխային խնամի:
– Իսկ ի՞նչ նոր փոփոխություններ են սահմանվել` երեխայի խնամքի նպաստի հետ կապված:
– Փոփոխություններ ունենք 2014 թվականի հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաեւ հղիության ծննդաբերության արձակուրդի դեպքում նպաստի վճարման հարցերում: Նախկինում հղիության ծննդաբերության արձակուրդի առկայության դեպքում կնոջը տրամադրվում էր անաշխատունակության նպաստ: Հիմա ձեւի առումով այդ նպաստի անունը փոխվել է եւ կոչվում է մայրության նպաստ, իսկ բովանդակային առումով որոշ փոփոխություններ կատարվել են, մասնավորապես` հաշվարկման կարգի եւ առավելագույն-նվազագույն չափերի հետ կապված: Նախկինում, եթե միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ էր ստացվում, քան օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը, այդ դեպքում վճարվում էր միջին ամսական աշխատավարձից ելնելով: Այժմ վճարում են նվազագույն ամսական աշխատավարձի հաշվարկմամբ: Ենթադրենք` օրենքով սահմանված կարգով հաշվարկեցին եւ կնոջ աշխատավարձը կազմեց միջին ամսական 20 հազար դրամ: Այսօր մեր նվազագույն ամսական աշխատավարձը 66 140 դրամ է, դրա 55 տոկոսը կկազմի 33 070 դրամ, ուրեմն` մայրության նպաստը կհաշվարկվի ոչ թե 20 հազար դրամից, այլ 33 070 դրամից: Վերին շեմի սահմանափակում կա, որը նախկինում չկար: Օրինակ` մեկ միլիոնից ավել եկամուտ ստացող կնոջ համար մայրության նպաստը հաշվարկվում է մեկ միլիոն դրամից: Այս փոփոխություններն ուժի մեջ են 2015 թվականի հունվարի 1-ից: Իսկ 2014 թվականից մենք երրորդ-չորրորդ երեխայի ծննդյան դեպքում տալիս ենք մեկ միլիոն դրամ, իսկ հինգ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում մեկուկես միլիոն դրամ:
ՀՈՒՅՍԵՐ ՓԱՅՓԱՅԵՆՔ, ՈՐ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 1933Թ. ԾՆՎԱԾՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
– Այս տարի որեւէ փոփոխություն սպասվո՞ւմ է աշխատանքային կենսաթոշակի հարցում (ՏԻԿԻՆ ՎԱՐԴՈՒՀԻ, ք. Երեւան):
– Տիկին Վարդուհի, հունվարի 1-ից Ձեր կենսաթոշակը չի՞ բարձրացել:
– Ես նոր պիտի անցնեմ կենսաթոշակի, 63 տարեկանս ապրիլին կլրանա:
– Դրա համար Ձեր թղթերը կամաց-կամաց նախապատրաստեք, եւ ապրիլին` հենց ձեր ծննդյան օրը, աշխատեք շատ չհետաձգել, տարեք ու ներկայացրեք. որովհետեւ ձեր կարծիքով` գուցե թղթերը նորմալ են, բայց կարող է մի բան պակաս է կամ ավել: Եվ եթե Ձեր ծննդյան օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում եք ներկայացնում, ապա Ձեր կենսաթոշակը կնշանակվի հենց սկսած ծննդյան օրվանից:
– Եվս մեկ հարց. գիտակցում եմ, որ սա Ձեր ոլորտը չէ, բայց, այնուամենայնիվ, այնքան ցավոտ հարց է, որ ուզում եմ հնչեցնել: Մայրիկս արդեն 82 տարեկան է, ,Հայխնայբանկումե նա էլ գումար ունի: Ի վերջո, ե՞րբ կլինի ավանդների վերադարձ:
– Անցած տարի վճարել ենք 1929 թվի ծնվածներին, հիմա վճարում ենք մինչեւ 1931 թվականի ծնվածներին, եւ եկեք լուրջ հույսեր փայփայենք, որ մյուս տարի կվճարվի մինչեւ 1933 թիվը ծնվածներին: Այն ժամանակ Ձեր մայրիկի հերթը կհասնի:
«ԵԹԵ ԴԻՄՈՒՄ ՉԵՔ ԳՐԵԼ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ը, ՇԱՏ ՄԻ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ»
– Որքան տեղյակ եմ` նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին շրջանառվում էին լուրեր, թե 2015թ. հունվար ամսից հնարավորություն ենք ունենալու ներկայացնել դիմումներ` 2014 թվականի հունվարից պարտադիր կուտակայինի համար մեր եկամուտներից պահված 5 տոկոսները հետ պահանջելու համար: Հետաքրքիր է, եթե անձը 2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանում չէ ու այս պահին հայկական որեւէ գործատուի մոտ գրանցված չէ` որպես աշխատող, ի՞նչ պետք է անի եւ ո՞ւմ պետք է դիմի (ՆՈՅԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան):
– Հարցը բավական ուշացած է, որովհետեւ դուք կարող էիք դրա համար դիմել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը: Մենք այդ մասին ինչքան հնարավոր է իրազեկեցինք հանրությանը` ե՛ւ լրատվամիջոցներով, ե՛ւ մեր կայքէջերով, որ` ովքեր ուզում են հետ ստանալ իրենց գումարները, թող մինչեւ դեկտեմբերի 25-ը դիմեն Կենտրոնական բանկ:
– Անկեղծ ասած, կարծում էինք, որ առանց դիմելու, ուղղակի պետք է վերադարձնեն (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան):
– Մենք ինչպե՞ս իմանայինք` Գուք ուզում էիք վերադարձնել, թե` ոչ: Չէ որ մարդիկ կան, որոնք չեն ուզում հետ վերադարձնել իրենց գումարները: Համենայնդեպս, եթե Դուք դիմումը չեք գրել մինչեւ դեկտեմբերի 25-ը, շատ մի հուսահատվեք, որովհետեւ այդ գումարը Ձերն է, ու դա չի կորել: Այդ գումարը միացել է այն սոցվճարներին, որոնք Դուք սկսել եք վճարել 2014 թվականի հուլիսի 1-ից:
«ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐ Ե՛Վ 2016-ԻՆ, Ե՛Վ 2017-ԻՆ»
Նորություն ասած չեմ լինի,որ այսօրվա թոշակով` օրօրի թանկացումներիպայմաններում մարդիկ չենկարողանում գոյատեւել: Կա՞ այսօրհեռանկար, որ կենսաթոշակներըառաջիկայում կբարձրանան (ԱՆՆԱՄԻՐԱԲՅԱՆ, ք. Երեւան):
– Այն, որ կենսաթոշակների առկա մակարդակը խնդիր է, մեզ էլ է հայտնի, եւ դա արտացոլվում է կառավարության գործունեության ծրագրում, ու որպես միջոցառում նշված է կենսաթոշակների շարունակական ավելացումը: Այդ ավելացումը գնում է երկու ճանապարհով` այսօրվա կենսաթոշակները մենք 2014 թվականին` 2015-ի հունվարի 1-ից բարձրացրեցինք: Մեր ֆինանսական ծրագրերով` միջնաժամկետը նախատեսվում է ե՛ւ 2016-ին, ե՛ւ 2017-ին բարձրացումներ: Այնպես որ, այս շարունակական ավելացմանը կառավարությունը գնում է: Մյուս կողմից էլ, դրվեց կուտակային կենսաթոշակի համակարգը: Հենց իմաստը դա էր, որ կենսաթոշակային տարիքում կարողանանք ապահովել աշխատավարձի հետ քիչ թե շատ համադրելի կենսաթոշակ: Դա կոչվում է փոխհատուցման գործակից: Ենթադրենք, 100 հազար աշխատավարձ ստացողը հանկարծ ստանում է 30 հազար կենսաթոշակ, փոխհատուցման գործակիցը կազմում է ընդամենը 30 տոկոս: Իսկ ոչ մեկս լուսնից չենք իջել, որպեսզի չհասկանանք, որ 100 հազար աշխատավարձով ապրող մարդուն, եթե 30 հազար գումար տաս, ինչ կլինի: Այսինքն` 30 հազարն ինքնին սուղ է, բայց երբ 100 հազարից ես անցնում 30 հազարի, արդեն խնդիր է, առավել եւս, եթե 200, 500 հազարից անցնում ես նույն 30 հազարին: Եվ կուտակային համակարգի ներդնելու գլխավոր իմաստը սա էր, որ 100 հազար ստացողը դրա 5 տոկոսը կուտակի, 500 հազար ստացողը` 500-ի 5 տոկոսը, որպեսզի այդ կուտակած միջոցները համադրելի լինեն ստացած եկամտին: Սա երկրորդ ճանապարհն է` կենսաթոշակը բարձրացնելու, բայց արդեն որպես ապագային միտված քայլ: Այսօրվա կենսաթոշակային խնդիրները լուծում ենք պարամետրիկ փոփոխություններով` մի տարվա արժեք ենք բարձրացնում, հիմնական կեսաթոշակի չափ ենք բարձրացնում, փորձում ենք միջոցներ ձեռնարկել: Բայց կրկնում եմ` ապագայի կենսաթոշակային հարցը լուծվելու է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ:
«ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ ՄԵԿԸ ԱՅՍ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ»
-Հետաքրքիր է, թե պարտադիր կուտակայինից հրաժարվածների գումարը վերադարձնելու գործընթացը ի՞նչ փուլում է: Եվ կա՞ն ուսումնասիրություններ, թե ինչ խնդիրների են բախվում այդ անձինք` պահանջելով իրենց գումարը (ՌՈՒԶԱՆՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ, ք. Երեւան):
– Ցանկության դեպքում իրենք պետք է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը գնային ու դիմում գրեին: Իսկ ուսումնասիրելու կարիք չկա, քանի որ գործընթացը իրականացվում է եւ, ինչպես նախատեսված է օրենքով, մինչեւ հուլիսի մեկը այս գումարները կվերադարձվեն:
– Դուք նշեցիք, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը պիտի դիմեին` կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու համար, իսկ եթե դեռեւս չե՞ն դիմել (,ԻՐԱՎՈՒՆՔե):
– Եթե չեն դիմել, ուրեմն` տվյալ անձինք համակարգի մասնակից են: Պետք էր մինչեւ դեկտեմբերի 25-ը հրաժարվելու դիմում գրեին, որպեսզի իրենց գումարը հետ տային, իսկ եթե դիմում չեն գրել, այդ գումարը իր հաշվին կմնա, չի կորչի:
-Կա՞ վիճակագրություն կամ տվյալներ, թե այսօր քանի հոգի է հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակից եւ քանի՞սն են այսօր անցել պարտադիրի (ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, Արարատի մարզ):
– Պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար դիմումները ներկայացնում են հարկային մարմնին: Այսինքն` տեղեկատվության սկզբնաղբյուրը հարկային մարմինն է, փորձեք այս հարցով դիմել իրենց:
«2003 ԹՎԱԿԱՆԻՑ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑԱԾ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
-2003 թվականից դպրոց աշխատանքի ընդունված ուսուցիչներին, եթե տարիքը համապատասխանում է, ուսուցչի թոշակ հասնո՞ւմ է, թե` ոչ (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արմավիրի մարզ)
-Հարցը վերաբերում է մասնակի կենսաթոշակին, որի իրավունքն ունեն մասնավորապես ուսուցիչները: Սակայն, ուսուցիչն ունի մասնակի կենսաթոշակի իրավունք, եթե 59 տարեկանում ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից 12 տարին մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն է ստացել: Այսինքն` 2003 թվականից դպրոցում աշխատանքի անցած ուսուցիչը մասնակի կենսաթոշակի իրավունք չի ունենալու, որովհետեւ մինչեւ այդ նա հաստատ 12 տարվա ստաժ չի ունենա:
– Ես 80-ամյա հիվանդ թոշակառու եմ: Հունվարի 1-ից ինչպես բոլորի, այնպես էլ իմ կենսաթոշակը բարձրացրեցին 5 հազար դրամով, դրա փոխարեն ինձ զրկեցին փարոսի անդամությունից եւ 17 հազար փարոսյան անապահովության նպաստից: Խնդրում եմ պատասխանել` ո՞ւմ դիմեմ եւ ի՞նչ անեմ (ՍԵՐՅՈԺԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ք. Երեւան):
– Շնորհակալություն հարցը բարձրացնելու համար, Դուք պարզապես այն, ինչ հիմա ինձ ասացիք, գրեք եւ գրավոր ուղարկեք նախարարություն: Մեր համապատասխան վարչությունը Ձեր գրությունը կքննարկի եւ հարցին ընթացք կտա: Եթե ինչ-որ մեկը կարող է գալ նախարարություն, թող գա ու հանձի նամակը մեր ընդհանուր բաժին: Բայց եթե չկա, խնդիր չէ, կարող եք փոստով ուղարկել գրությունը: Մենք Ձեզ պաշտոնապես կպատասխանենք:
«ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՒՆԵՆԱ ՈՐՈՇԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ»
– Ի՞նչ սկզբունքներով են զինծառայողների ընտանիքի անդամներին կենսաթոշակներ տրամադրվում եւ կա՞ն առավելություններ, որոնցից օգտվում են զինծառայողների ընտանիքները (ԿԱՐՈ ԳԱԼՍՏՅԱՆ, ք. Երեւան):
– Զինծառայողի ընտանիքի անդամը զինծառայության կենսաթոշակ կարող է ստանալ, եթե զինծառայողը զոհվել է: Այդ դեպքում ընտանիքի անդամին տրվում է կերակրողին կորցնելու զինվորական ծառայության կենսաթոշակ: Ընդ որում այդ կենսաթոշակի իրավունք ունեն զինծառայողի մինչեւ 18 տարեկան երեխան ու 18 տարեկանից եւ ավելի բարձր տարիքի զավակը, եթե, իհարկե, մանկուց հաշմանդամ է ճանաչվել եւ ունի աշխատանքային գործունեության սահմանափակման երրորդ խումբը, քանի որ, ըստ էության, անգործունակ է այդ երեխան նաեւ 18 տարեկանից հետո: Ինչպես նաեւ երեխաներին 18 տարեկանից հետո տրվում է կենսաթոշակ, եթե նրանք սովորում են առկա ուսուցմամբ, այդ դեպքում կենսաթոշակը տրվում է նաեւ մինչեւ ուսուման ավարտը, այսինքն` 23 տարեկանը: Կենսաթոշակը նշանակվում է նաեւ զինծառայողի 14 տարեկանը չլրացած երեխայի խնամող անձին` ամուսնուն, խնամակալ ճանաչված անձին, ընտանիքի այլ անդամին: Բայց, եթե նա աշխատեց, կենսաթոշակ չի ստանա:
-Իսկ կապ ո՞ւնի զինծառայողն ինչ կոչում է ունեցել կամ ինչ պայմաններում է զոհվել:
-Կենսաթոշակի իրավունքի առումով բացարձակ կապ չունի, բայց կենսաթոշակի չափի դեպքում, բնականաբար, կապ ունի: Կերակրողին կորցնողի կենսաթոշակի չափն արդեն հաշվառվում է ելնելով նրանից, թե զինծառայողն ինչ պաշտոն է զբաղեցրել, ինչ կոչում է ունեցել եւ ինչ գործակից է ունեցել վարձատրման առումով:
– Եթե զինծառայողը ողջ ու առողջ է, աշխատում է, հետագայում ոչ մի առավելություն չի՞ ստանում իր կենսաթոշակային տարիքի ծնողը:
– Եթե զինծառայողը առոք-փառոք աշխատի, ծառայի ու հասնի իր կենսաթոշակային տարիքին, զինծառայության համար կունենա որոշակի երաշխիքներ: Օրինակ, ի՞նչ եք կարծում` ծնողին ինչ-որ երաշխիք տալու տրամաբանությունը ո՞րն է: Ուզում եմ Ձեզ մոտեցման սկզբունքը հուշել` ինչու այն դեպքում կա, այս դեպքում` չկա: Երբ զինծառայողը չկա, մարդը հստակ իր կերակրողին կորցրել է, պետությունը նրա` այդ կորցրած զավակի կամ ամուսնու փոխարեն, որոշակի գումար է տրամադրում ընտանիքին: Ընդ որում կենսաթոշակից բացի նա տրամադրում է նաեւ պարգեւավճար: Բայց, եթե զինծառայողը կա, այսինքն` ինքը որպես սովորական քաղաքացի իր ընտանիքի հոգսը հոգում է, այստեղ պետական միջամտության կարիք չկա:
«ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍՏԱԺ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼ»
-Ի՞նչ հիմքով են մարդկանց կենսաթոշակները տարբեր չափով (գումարով) ավելանում (ՋՈՒԼԻԵՏԱ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ, ք. Երեւան):
– Այն տրամաբանությամբ, որ կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժից: Օրինակ` 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը մի կենսաթոշակ է ստանում, 20 տարվա ստաժ ունեցողը` մեկ այլ: Այսինքն` դա կախված է կենսաթոշակի հաշվարկման բանաձեւից, որի համաձայն տարբեր ստաժ ունեցող մարդկանց կենսաթոշակի չափերը տարբեր են: Դրա համար, որ բարձրացումներ են լինում, տարբեր կերպ են անդրադառնում կենսաթոշակի չափերի վրա: Այնուամենայնիվ, չեն կարող միեւնույն ստաժ ունեցող մարդիկ տարբեր կենսաթոշակ ստանալ: