Նախարար Արտեմ Ասատրյանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի հետ այցելեց Ավանի համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

0
109

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ տիկին Լորա Թաքի ղեկավարած պատվիրակության հետ այցելեց Ավանի  համալիր  ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն:

Տարածքային կենտրոնի  շենքային պայմաններին ծանոթանալուց հետո, նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ինտեգրված սոցիալական ծառայությունների աշխատանքները, հիմնական ուղղությունները, «մեկ պատուհանի»  սկզբունքով  աշխատելու կարևորագույն մոտեցումը և սոցիալական աշխատողների կողմից դեպքի վարման  անհրաժեշտությունը:

Նախարարն իր խոսքում կարևորեց նաև միասնական տեղեկատվական բազաների կիրառումը և  որակյալ  ծառայություններ մատուցելու առաջնահերթությունը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և  Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ տիկին Լորա Թաքն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և բարձր գնահատելով ինտեգրված սոցիալական ծառայությունների կարևորությունը Հայաստանի համար՝  ոլորտում արձանագրված ձեռքբերումները  որակեց որպես կարևորագույն առաջընթաց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը նույնպես շնորհակալություն հայտնեց  տիկին  Թաքին և հույս հայտնեց, որ  Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կկրի արդյունավետ և շարունակական բնույթ: