Հայաստանում կա աղքատություն և երկրի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում առաջնահերթ կարևորվել է զբաղվածության խնդիրը: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը` անդրադառնալով զբաղվածության ոլորտի աշխատանքներին:
Դիտարկմանը, թե չնայած զբաղվածության ոլորտի տարբեր ծրագրերին` աղքատության տոկոսը գնալով աճում է, փոխնախարարն ասաց, թե պետք է հաշվի առնել, որ մի ցուցանիշի վրա ազդում են տարբեր գործոններ:
«Այնպես չէ, որ միայն զբաղվածության ոլորտի ծրագրերը մեծացնելով կարող ենք աղքատությունը հաղթահարել, դա գործոններից մեկն է, իսկ գլխավոր գործոնը տնտեսության աճն է, նոր աշխատատեղերի ստեղծումն է, այսինքն՝ հարցը պետք է համակողմանի դիտարկել»,-ասաց նա:
Սոնա Հարությունյանը նշեց, որ զբաղվածության նոր ծրագրերն էականորեն նպաստում են հատկապես աշխատաշուկայում անմրցունակ խմբերի աշխատանքի տեղավորմանը։ Օրինակ` այս տարի առաջին անգամ ձեռնարկատիրական գործունեության համար յուրաքանչյուր ծրագրի համար պետական բյուջեից տրամադրվել է 1 միլիոն դրամի չափով աջակցություն:
Նա նշեց, որ նախկինում հողի սեփականաշնոհումից օգտվողները չէին համարվում գործազուրկ, և լուրջ խոչընդոտներ կային նրանց ակտիվ ծրագրերում ընդգրկելու համար:
Փոխնախարարը նկատեց, որ գյուղում, որտեղ աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը ցածր էր և բարձր էր աշխատանքային միգրացիան, զբաղվածության ծրագրերը դերակատարում չունեին:
«Իսկ այժմ սեզոնային զբաղվածության ծրագրերը ոչ միայն աջակցում են գյուղատնտեսական արտադրության զարգացմանը, այլ նաև ժամանակավոր զբաղվածություն են ապահովում գյուղում ապրողների համար: 2015 թվականին կրկնապատկվել են այս ծրագրի ծավալները և 1 մլրդ 125 մլն դրամ միայն այս ծրագրի համար է նախատեսվել»,-ասաց նա և նշեց, որ դրա առաջին փորձը եղավ Արմավիրում, որի արդյունքների հիման վրա համապատասխան կարգեր մշակվեցին:
«Դա համարվեց դրական ցուցանիշ, որը կանխարգելում է միգրացիան: Մարդիկ որոշել էին գյուղերից գնալ, հող չմշակել, իսկ այդ ֆինանսական աջակցությունը նպաստեց, որ իրենք գյուղատնտեսական արտադրությունը զարգացնեն, որոշակի զբաղվածություն, եկամուտ ունենան»,-ասաց նա:
Բացի այդ, Սոնա Հարությունյանը նշեց, որ անցած տարի արձանագրվեց, որ խնդիրներ կան անասնապահության ոլորտում, իսկ գյուղացիական տնտեսությունները միայն հողագործությամբ չեն զբաղվում, այլ նաև անասնապահությամբ, և արդեն 2016 թվականին լինելու է նաև անասնապահության զարգացման բնագավառում աջակցության ծրագիր:
Հարցին, թե համամիտ է, որ արտագաղթի հիմքը հենց աշխատանք չունենալն է, նա պատասխանեց, որ մեկնողները հիմնականում գնում են բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու, ընտանիքի հետ վերամիավորման կամ սովորելու նպատակով:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեկնողների մոտավորապես 50 տոկոսն աշխատանք չունի կամ ցածր աշխատավարձ ունի, մեր խնդիրն է, որ հնարավորինս կանոնակարգվի, որ մարդիկ գնան աշխատեն և վերադառնան և ոչ թե մշտական բնակություն հաստատեն, ինչպես անում էին 90-ականների սկզբին»,- ասաց նա և նշեց, որ զբաղվածության ծրագրերի իրականացումը հենց այդ գործընթացի կանխարգելմանն է ուղղված:
Փոխնախարարն անդրադարձավ նաև Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը և նշեց, որ Հայաստանից մեկնողների 93 տոկոսը գնում են Ռուսաստան:
«Մեր նպատակն անօրինական միգրացիայի կանխարգելումն է: Անօրինական միգրացիան ինչպես ծագող և ընդունող երկրների, այնպես էլ հենց այդ քաղաքացիների համար լուրջ խնդիր է: Ամեն երկիր փորձում է կանոնակարգել այդ երևույթը: ԵՏՄ-ն բացում է ավելի լայն հնարավորություն` երկխոսության, խնդիրների լուծման, ավելի բարյացակամ վերաբերմունքի և ավելի լավ պայմանների ստեղծման հարցում: Հայաստանում ստեղծվել և գործում է 7 ռեսուրս կենտրոն, որոնք նախատեսված են պոտենցիալ միգրանտներին համապատասխան խորհրդատվություն տրամադրել տարբեր երկրների միգրացիոն օրենսդրությանը և աշխատաշուկայի պահանջներին ծանոթացնելու համար»,-ասաց նա:
Հարցին թե այդ դեպքում արտագաղթը չի՞ ավելանա՝ նա ասաց, որ այդ մտավախությունը ցանկացած մեկը կունենա: «Մեր նպատակը միգրացիան ավելացնելը չէ, այլ կանոնակարգելը: Մեր խնդիրն է, որ ովքեր պետք է գնան`աջակցել, որ օրինական պայմաններում գնան աշխատեն և վերադառնան, այսինքն` պետք է գնաս կարգավորման: Պետությունը պետք է աջակցի օրինական միգրացիայի կազմակերպմանը»,-ասաց նա:
Սոնա Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանը, թեև չունի զբաղվածության այն մակարդակը, որն ունեն զարգացած եվրոպական երկրները, որոնց ձգտում ենք, սակայն մեր երկրում զբաղվածության պետական կարգավորման տեսանկյունից դրական դինամիկ փոփոխություններ կան: