ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը ապրիլի 6-ին մասնակցել է Հայաստանում երեխաների պալիատիվ /ամոքիչ/ օգնության հարցերին նվիրված կլոր- սեղան քննարկմանը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել Հայաստանում մանկական պալիատիվ խնամքի կարիքների գնահատման արդյունքներն ու Երեխաների պալիատիվ բժշկական օգնության հայեցակարգի նախագիծը:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հաջողությունների ենք հասել երեխաներին ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում: Բայց միևնույն ժամանակ անելիքներ ունենք կյանքը սահմանափակող հիվանդություններ ունեցող երեխաներին համապատասխան ծառայություններ մատուցելու գործում: Մանկական ցավամոքիչ խնամքը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական ու հոգեբանական մեծ աշխատանք է, որն իր մեջ ներառում է բազմամասնագիտական մոտեցում: Կարծում եմ <Մանկական պալիատիվ օգնության> հայեցակարգում ընդգրկված սկզբունքներն ու մոդելները հնարավորություն կտան լիարժեք իրականացնել նախատեսված խնամքը, որը պահանջում է թիմային մոտեցում, մեծ ռեսուրսներ, տարբեր մասնագետների ներգրավում»,- իր խոսքում ընդգծել է նախարարի տեղեկալը:
Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը կարևորելով պալիատիվ օգնության խնամքի ներդրման անհրաժեշտությունը՝ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նրա հետ կապված բոլոր խնդիրները: Այն ամոքիչ խնամքի առանձնահատուկ տեսակ է, որն ուղղված է երեխայի մարմնի, մտքի և հոգու ամբողջական խնամքին և նպաստում է երեխայի ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական տառապանքի մեղմմանը:
Բանախոսների կողմից ներկայացված հետազոտությունների համաձայն գնահատվել են Հայաստանում երեխաներին ցուցաբերվող պալիատիվ խնամքի կարիքները, օգնության ծավալները, վիճակը, տրամադրման գործոնները, ինչպես նաև նորմատիվ- իրավական դաշտը:
Հիմքում ունենալով այս արդյունքները` մշակված հայեցակարգի գլխավոր նպատակն է ստեղծել կյանքը սահմանափակող և կյանքի տևողությունը կրճատող հիվանդություններ ունեցող երեխաներին պալիատիվ օգնության տրամադրման մեխանիզմներ, ինչպես նաև խնամքը հասանելի դարձնել այն երեխաների համար, ովքեր ունեն կյանքին վտանգ սպառնացող կամ կյանքի որակը էապես սահմանափակող հիվանդություններ՝ անկախ տարիքից, հիվանդության առանձնահատկությունից, բնակության վայրից և այլ հանգամանքներից:
Քննարկման ընթացքում ներկայացված զեկույցների և հետազոտություների վերաբերյալ մասնակիցների կողմից հնչել են բազմաբնույթ կարծիքներ ու առաջարկություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կներառվեն հայեցակարգում:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը, Ամոքիչ օգնության հարցերով միջազգային խորհրդատու Ստեֆեն Ռ. Քոնորը, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քննարկումը կազմակերպվել էր «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» և «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կողմից: