Մոնիթորինգի և գնահատման համակարգի օբյեկտիվ իրականացմամբ կատարելագործվում են մատուցվող սոցիալական ծառայությունները

0
96

Ապրիլի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդակցությունների դահլիճում ներկայացվել է «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրում տուն-ինտերնատներում» ծրագրի արդյունավետության գնահատման և մոնիթորինգի  արդյունքները:

2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից համակարգի 4 տուն-ինտերնատներում իրականացվել էին համապատասխան ուսումնասիրություններ, հետազոտություններ, հարցումներ: Մոնիթորինգի և գնահատման գործուն համակարգի, համապատասխան գործիքների օգնությամբ մասնագետները կատարել էին հետազոտություն, որի գլխավոր նպատակն էր` վեր հանել խնդիրները, տալ առաջարկություներ և բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու հասցեականությունը:

Հանդիպման ընթացքում  մանրամասն ներկայացվել են կատարված քանակական և որակական հետազոտությունների արդյունքները, ցուցանիշները, հիմքերն ու գնահատված գործողությունները` խնամվողների տուն-ինտերնատ ընդունման գործընթաց, պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովվածություն, սանիտարահիգիենիկ պարագաների տրամադրում, սոցիալական աշխատողի և հոգեբանի աշխատանք, աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում:

Նախարարի տեղակալներ Սոնա Հարությունյանի և Ջեմմա Բաղդասարյանի հավաստմամբ` իրականացվող հետազոտություններն ու գնահատումները կարևոր են ճիշտ քաղաքականության մշակման, աշխատանքների ու իրականացվող միջացոռումների հստակ կազմակերպման համար:

Քննարկումների արդյունքում որոշվել է հաշվետվությունը  ծավալուն տարբերակով ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին, հաստատություների ղեկավարներին և հնգօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ու դիտարկումներ, որոնք կներառվեն հետազոտոթյան վերջնական տարբերակում: