ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ, Հայաստանի 5 մարզերի` Շիրակ, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, 30 սահմանամերձ համայնքներում 2016թ. փետրվար-մարտ ամիսներին իրականացրել են «Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման» ծրագիրը, որի շահառուները 15-30 տարեկան երիտասարդներն էին:
Փետրվարի 8-ից մարտի 5-ը Հայաստանի 5 մարզերում 360 երիտասարդի համար անցկացվել է «Առաջնորդություն» թեմայով դասընթացներ, որոնց նպատակը սահմանամերձ համայնքներում երիտասարդների մոտ անտարբերության ու պասիվության հաղթահարումն է համայնքային խնդիրների լուծման գործում:
Փետրվարի 12-ից մարտի 18-ը Հայաստանի 6 մարզերի սահմանամերձ 30 համայնքների երիտասարդների համար իրականացվել է երիտասարդների գործարար և մասնագիտական հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացներ: Դասընթացներին մասնակցել են ընդհանուր թվով շուրջ 325 երիտասարդ, որոնք անցել են «Համակարգչային գործավարություն», «Ավտոտեխսպասարկում», «Վարսավիրություն», «Գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկում», «Դերձակություն» մասնագիտական վերապատրաստումներ:
Բոլոր դասընթացներն իրականացվել են տեսական և գործնական պարապմունքների համադրման միջոցով, դասընթացների մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսականորեն ձեռք բերված գիտելիքներն ամրապնդել գործնականում:
Ծրագրի շրջանակներում փետրվարի 25-29-ը մարզային համայքներում անցկացվել են մշակութային միջոցառումներ և մարզային փառատոններ, որոնց մասնակցել են սպորտի և մշակույթի ոլորտում մարզերի տաղանդաշատ երիտասարդները: Կազմակերպվել են սեղանի խաղերի առաջնություններ`շախմատ, շաշկի, նարդի և երգի, պարի, ասմունքի երեկոներ:
Մարզերում անցկացվել են նաև «Երիտասարդության զբաղվածության ոլորտի հեռանկարներն ու հիմնախնդիրները» թեմայով մարզային համաժողովներ, որոնք նպատակ ունեին ծրագրի շահառուներին և Երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող կառույցներին, տարածքային զարգացման կենտրոններին տեղական և միջազգային կազմակերպություններին ներկայացնել երիտասարդության զբաղվածության ոլորտի հիմնախնդիրները և նրանց վերամասնագիտացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Մարզերում կազմակերպված աշխատանքային տոնավաճառները նույնպես կարևոր դեր են ունեցել մարզային երիտասարդության զբաղվածության ապահովման գործում, նրանց հնարավորություն է տրվել ծանոթանալ մարզերում առկա աշխատատեղերին և պարզել տեղական աշխատաշուկայի պահանջները:
«Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման» դրամաշնորհային ծրագիրը իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: