Եթե քաղաքացին սոցիալական խնդիր ունի, պիտի դիմի տարածքային սոցիալական կենտրոն. Ա. Ասատրյան

0
128

«Մեր բնակչության մի ստվար հատված ունի սոցիալական տարբեր խնդիրներ: Բնական է, որ նրանցից ոչ բոլորը գիտեն, թե պետության կողմից ինչպիսի երաշխավորված սոցիալական ծառայություններ կան, որոնք տրամադրվում են, բայց դրա կարիքն ունեցողը տեղյակ չէ դրա մասին կամ չի կարողանում ստանալ այդ ծառայությունները, դրա համար սոցիալական աշխատողի դերը դառնում է որոշիչ եւ վճռորոշ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքերով՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կենտրոնում պետք է լինի սոցիալական աշխատողը, որը պետք է կարողանա գնահատել կարիքավորներին եւ յուրաքանչյուր անձի համար իրականացնի անհատական սոցիալական ծրագիր: Նախարարը խոսելով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման մասին՝ ասաց, որ ամեն ինչ սկսվել է, երբ նա դեռ փոխնախարար էր եւ աշխատանքային այցով մեկնել էր Իտալիա՝ այդ համակարգի ներդրման ծառայությունների մատուցման եւ ընդհանրապես՝ աշխատանքների կազմակերպման ամբողջ համակարգը տեսնելու: «Տանելով համեմատականներ մեր ունեցած իրավիճակի, խնդիրների եւ նաեւ այն ամենի հետ, ինչ որ իրականացվում է եվրոպական երկրներում սոցիալական աշխատողի ինստիտուտի հետ կապված, եկանք այն եզրակացության, որ պետք է սոցիալական պաշտպանության ոլորտում մշակվի կարգավորող քաղաքականություն»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ այդ ծրագրում կա հստակ սահմանված իրավունք եւ իրավունքի իրացման անհրաժեշտություն, որտեղ կարեւորվում է միջնորդ օղակի բացակայությունը, այսինքն՝ շփումների բացակայությունը. «Պիտի քաղաքացիներից ընդունվեն դիմումներ, եւ այդ դիմումները պիտի համապատասխան ընթացք ստանան առանց վարչարարական ավելորդ քաշքշուկների, առանց քաղաքացուն լրացուցիչ որեւէ տեղ ուղարկելու, որեւէ լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու եւ այլն»:

Ինտեգրման առաջին մակարդակը, ըստ նախարարի, 18 կենտրոններում ձեւավորված մեկ տարածքում, մեկ հարկի ներքո բոլոր սոցիալական ծառայություն մատուցող մարմիններն ու ընդունարաններն են, որոնք առաջին 2 տարիներում կդառնան 56 կենտրոն: «Ինտեգրման երկրորդ մակարդակը տեղեկատվական ինտեգրումն է, այսինքն՝ սոցիալական բանկի գաղափարը՝ երբ սոցիալական աշխատողին հասու է լինելու ցանկացած անձի կամ ընտանիքի վերաբերյալ ամենատարբեր տեղեկատվություն, ով կդիմի սոցիալական ծառայություններ ստանալու համար՝ իհարկե, որպեսզի սոցիալական աշխատողը կարողանա ճշգրիտ որոշումներ կայացնել, եւ միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը»,- ասաց նախարարը:

Եթե քաղաքացին աշխատունակ անձ է, բայց դիմել է նպաստ ստանալու համար, եւ եթե նրա կարգավիճակը համապատասխանում է նպաստ ստանալուն, ապա, ըստ Արտեմ Ասատրյանի, պետք է ընթացք տալ այդ գործին եւ նպաստը նշանակել, բայց զուգահեռաբար պետք է դեպք վարել՝ ուղղորդելով դեպի զբաղվածության ծառայություն: «Այդ ոլորտի աշխատողը պետք է տվյալ անձին ընդգրկի համապատասխան զբաղվածության ծրագրերում, որպեսզի աշխատունակ անձը աշխատաշուկայում դառնա մրցունակ եւ ունենա աշխատանք: Քանի որ աշխատունակ անձի համար չի կարող բավարար լինել միայն սոցիալական նպաստը»,- նշում է նախարարը: Ստվերում զբաղվածություն թույլ չտալու համար, ըստ նախարարի, սահմանվել է հետեւյալ ձեւը. զբաղվածության կենտրոնում հաշվառման կանգնելուց հետո անձը նաեւ ընդգրկվում է եռամսյա ուսուցման ծրագրերում, իսկ եթե անհատը ստվերային զբաղված է, նա ուղղակի չի կարող մասնակցել այդ ծրագրերին, իսկ եթե ոչ միայն ուսուցման, այլեւ զբաղվածության որեւէ ծրագրի չարձագանքի, ապա կարգավիճակից դուրս գալով՝ նաեւ իր սոցիալական նպաստ ստանալու հավանականությունը կնվազի:

Ընդհանրապես սոցիալական ծառայությունների մատուցումը եւ սոցիալական պաշտպանության ոլորտը, նախարարի կարծիքով, առաջին հերթին ներդրումային ծրագրեր են՝ մարդկային կապիտալում, որովհետեւ սոցիալական աշխատողը, սոցիալական փաթեթով օգնելով անձին, դարձնելով նրան ավելի մրցունակ, նաեւ ապահովում է, որպեսզի անձը ինքը իր խնդիրները լուծի եւ իր կարիքները բավարարի:

Արտեմ Ասատրյանը խոսելով կոռուպցիոն ռիսկի մասին՝ ասաց, որ ցանկացած պարագայում, որտեղ կան որեւէ հարաբերություններ, կան նաեւ ռիսկեր, բայց եթե խոսում ենք դրամական վճարումների համակարգերի մասին՝ այս բոլոր համակարգերը դարձնելով ինքնաշխատ համակարգեր, դարձնելով հարաբերություններից զերծ՝ քաղաքացի եւ սոցիալական աշխատող, կոռուպցիան հասցվում է նվազագույնի: Ծրագիրը իրականացվում է 2014 թվականի վերջից մինչեւ 2018 թվականը՝ Համաշխարհային բանկի 20 միլիոն դոլար վարկային ծրագրով:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական ծառայություններից օգտվելու համար կարող է դիմել ցանկացած քաղաքացի, եթե գտնում է, որ նա որեւէ կարիք ունի՝ լինի խնամքի, զբաղվածության, կենսաթոշակային, բժշկասոցիալական եւ այլ ծառայություններ. «Քաղաքացին սոցիալական խնդիր ունի, պիտի դիմի տարածքային սոցիալական կենտրոններին, որը շատ ավելի կարեւոր է: Պետք է հասկանալ մարդու հոգսերը եւ նրա խնդիրներին լուծում տալ»: