ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին

0
91

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունեց Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության  և աշխատանքի հարցերով  ղեկավար Էնդրյու Մեսոնին և  Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:

Բարձր գնահատելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերված  աջակցությունը՝ նախարարը ընդգծեց համատեղ իրականացված ծրագրերի դրական արդյունքները և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:  Նախարար Արտեմ Ասատրյանը  ներկայացրեց նաև ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները սոցիալական պաշտպանության ոլորտում` կարևորելով ՀՀ պետական բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ, հասցեական և առաջին հերթին գնահատված կարիքին համապատասխան աջակցության տրամադրումը` ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում:

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին ՀՀ պետական բյուջեի ծախսերի 29 տոկոսը հատկացնելը ևս համարում եմ ներդրում, որն ուղղված է մեր երկրի հիմնական կապիտալին` մարդուն»,- նշեց նախարարը:

Էնդրյու Մեսոնը ողջունեց համակարգում իրականացվող բարեփոխումներն ու արձանագրված արդյունքները և նշեց, որ առանձնակի հաճելի և կարևոր  է աշխատել այն գերատեսչության հետ, որի ծրագրերն ու աշխատանքները միտված են խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանն ու զբաղվածության ապահովմանը: Նա վստահություն հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետությունն ու արձանագրված ձեռքբերումները կարող են լավագույն հիմքը հանդիսանալ առաջիկա ծրագրերի հաջող մեկնարկի և ակնկալվող նոր դրական արդյունքների համար:

Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին իր հերթին կարևորեց իրականացվող աշխատանքների հաջող ընթացքի ապահովման նպատակով այլ երկրների դրական փորձի և Հայաստանի դրական փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերի ընթացքում շարունակել համատեղ մասնագիտական քննարկումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ` ապահովելով նոր ծրագրի հաջող մեկնարկը: