Քննարկվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների գույքային պատասխանատվության իրավակարգավորման հարցը

0
127

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը դեկտեմբերի 9-ին  հրավիրել էր «Կենսաթոշակային համակարգի մոնիթորինգի և գնահատաման համակարգի մշակման աշխատանքային խմբի» ընդլայնված նիստ:
Նիստի օրակարգում աշխատանքային խմբի ընթացիկ հարցերից բացի, քննարկվեց նաև ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի կենսաթոշակային քաղաքականության թիմի ղեկավար Արսեն Մանուկյանը կողմից կազմված զեկույցը:
Արսեն Մանուկյանը ներկայացրեց վերլուծություն՝ ֆիզիկական անձանց և սոցիալական ապահովության համակարգում (նախարարության աշխատակազմում, առանձնացված ստորաբաժանումներում և ենթակա ՊՈԱԿ-ներում) աշխատող անձանց գույքային պատասխանատվության օրենսդրական կարգավորումների մասին:

Վերլուծության հիմնական նպատակն էր՝ պարզել թե ինչ կարգավորումներ են առկա և արդյոք դրանք բավարար իրավական հիմք են հանդիսանում խնդրի առկայության դեպքում սոցիալական ապահովության ոլորտի աշխատողին գույքային պատասխանատվության ենթարկելու համար:
Փորձագետը նաև ներկայացրեց ՀՀ-ում գործող նորմատիվ իրավական այն ակտերը, որոնք որևէ կերպ առնչություն ունեն սոցիալական ոլորտի աշխատողների իրավական կարգավիճակի հետ և այն իրավակարգավորումները, որոնք ամրագրված են առանձին օրենքներում, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

Ամփոփելով ներկաների հետ ակտիվ քննարկումը՝ փոխնախարար Սոնա Հարությունյանը փաստեց, որ խնդրի ամբողջական իրավական կարգավորման անհրաժեշտություն կա, ըստ որում՝ խնդիրը վերաբերվում է ոչ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի աշխատակիցներին, այլև՝ քաղաքացիական ծառայողներին:

Փոխնախարարը Արսեն Մանուկյանին առաջարկեց նաև գրավոր ներկայացնել իր դիքորոշումը՝ կապված ինչպես սոցիալական ապահովության ոլորտը կարգավորող, այնպես էլ քաղաքացիական ծառայության և հարակից իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հետ:

Ներկայումս, նախարարությունում ներդրվում է մոնիթորինգի և գնահատման համակարգ, որի նպատակն է ոչ միայն կանխարգելել, այլ նաև ապահովել պատճառված վնասների վերականգնումը/հետգանձումը, ինչի կապակցությամբ առաջարկություն կներկայացվի ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

Աշխատանքային խմբի անդամներից բացի, նիստին հրավիրված էին նախարարության աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ովքեր հաճախ են առնչվում քննարկվող խնդրի հետ: