Քննարկվել են աջակցող ցանցի առաջին համագումարի նախապատրաստական աշխատանքները

0
90

Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում հուլիսի 20-ին տեղի է ունեցել  աշխատանքային հանդիպում աջակցության ցանցի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում կայանալիք համագումարի կազմակերպչական աշխատանքները, համակարգող խորհրդի ձևավորման սկզբունքներն ու  մեխանիզմները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշել է, որ համագումարին ընդառաջ պետք է հստակեցվեն կազմակերպատեխնիկական անելիքները: Նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը ներկայացրել է համագումարի կողմից ընդունվելիք աշխատակարգը և օրակարգը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ սոցիալական գործընկերները աջակցող ցանցի մեկամյա գործունեության, աշխատակարգի վերաբերյալ իրենց դիտարկումները էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն նախարարությանը:

Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն էլ  նշել  է, որ լիազոր մարմինն իր վրա է վերցրել քարտուղարության և համագումարի կազմակերպատեխնիկական մի շարք հարցեր, որոնք կնպաստեն համագումարի արդյունավետ կազմակերպմանը:

Աշխատանքային հանդիպման ավարտին որոշում է կայացվել համագումարը հրավիրել օգոստոսի 2-ին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: