Վրաստանի կառավարությունը հետաքրքրված է կենսաթոշակային բարեփոխումների հայաստանյան փորձով

0
88

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 19-ին ընդունել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխնախարար Նիկոլոզ Գագուայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ունեցած Վրաստանի կառավարության հետաքրքրվածությունը և պատրաստակամություն հայտնել, ձևավորված համագործակցության շրջանակներում, ոլորտում ունեցած փորձն ու գիտելիքները փոխանցել գործընկերներին:

Պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Գագուան իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և նշել, որ հաշվի առնելով երկու երկրներում առկա ժողովրդագրական խնդիրների նմանությունները, դրանցով պայմանավորված կենսաթոշակային ապահովության ոլորտի միևնույն մարտահրավերները, մեծապես կարևորում է կենսաթոշակային բարեփոխումների հայկական փորձը:

Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով կենսաթոշակային նոր համակարգը՝ ընդգծել է, որ այն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում պետք է լուծի կենսաթոշակառուներին աղքատության գծից բարձր կենսաթոշակով ապահովելու խնդիրը, իսկ երկարաժամկետ հեռանկարում հնարավորություն ընձեռի կապ ապահովել աշխատող քաղաքացու կատարած վճարի և վճարվող կենսաթոշակի չափերի միջև` երաշխավորելով քաղաքացու ապահով և արժանապատիվ ծերությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների գործող կենսաթոշակային ապահովության համակարգերի խնդիրներին, քննարկվել է Վրաստանում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման մոտեցումները:

Բարեփոխումների իրականացման գործընթացում երկուստեք կարևորվել է կենսաթոշակային նոր համակարգի մասին հասարակությանը մատուցվող տեղեկատվության մատչելիությունը և հասանելիությունը:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխնախարար Նիկոլոզ Գագուան ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և նշել, որ կենսաթոշակային բարեփոխումների հայաստանյան փորձը մեծապես կնպաստի Վրաստանում բարեփոխումների իրականացմանը: