Դեկտեմբերի 29-ին Նորքի տուն-ինտերնատում բացվել են երկու մեծ լոգասենյակներ՝ կանանց և տղամարդկանց համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանը նախարար Արտեմ Ասատրյանի անունից շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար՝ նշելով, որ վերանորոգված լոգասենյակները լիովին կբավարերեն տուն-ինտերնատում խնամվող տարեցների կարիքները: «Ճիշտ խնամքն ու համապատասխան պայմանները կարևոր նշանակություն ունեն բոլորիս կյանքում և մեր տուն ինտերնատում խնամվող տարեցները, գտնվելով ընտանիքներից հեռու, նույնպես պետք է ստանան լավագույն խնամք և շրջապատված լինեն լավագույն պայմաններով: Եվս մեկ անգամ նախարարի անունից շնորհակալություն եմ հայտնում շինարարական աշխատանքների մեջ ընդգրկված բոլոր անձանց: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում տուն ինտերնատի ողջ անձնակազմին մեր տարեցների նկատմամբ ունեցած ջերմ և բարյացակամ վերաբերմունքի համար»,-ընդգծել է նախարարի խորհրդականը:
Լոգասենյակները վերանորոգվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով, երբ վարչապետը 2015թ. նոյեմբերի 5-ին այցելել էր տուն-ինտերնատ և տեղում ծանոթացել խնդրին: Վերանորոգման աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 4 մլն դրամ:
Բացման արարողությունից հետո տուն-ինտերնատում տեղի է ունեցել ամանորյա տոնական միջոցառում, որտեղ ուրախ տրամադրությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը նվերներ են բաժանել տարեցներին, երգել ու պարել նրանց հետ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, տուն ինտերնատի բարեկամներ: