Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձնաց սոցիալական ներառման և զբաղվածության խնդիրները

0
109

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հունիսի 30-ին մասնակցել է «Կարիքավոր և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով կազմակերպված սիմպոզիումի աշխատանքներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի անունից ողջունելով ներկաներին՝ տիկին Բաղդասարյանը նշել է, որ հաշմանդամության ոլորտում սոցիալական ներառման քաղաքականության իրականացումը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է գերակա ուղղություն: 2016թ. հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի, բացի այդ նախատեսվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Սկսվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2016-2011թթ. համալիր ծրագրի մշակման աշխատանքները:

«Ուրախ եմ, որ քննարկմանը մասնակցում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, հաշմանդամություն ունեցող անձինք: Մենք միասին կերտում ենք ճանապարհ դեպի սոցիալական ներառում, որը պահանջում է կամք, ներուժ, ժամանակ և ռեսուրսներ, ինչը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց  լիարժեք ապրել և ստեղծագործել: Համոզված եմ, որ յուրաքանչյուրիս ուժերի ներդրման ու համակարգված աշխատանքի արդյունք է լինելու սոցիալական ներառման գործընթացը»,- իր խոսքում ընդգծել է նախարարի տեղակալը: 

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրն մեկնարկել է 2013թ. և իրականացվել Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքում: Ծրագրի շրջանակներում մատուցված ծառայություններից օգտվել է շուրջ 4800 հաշմանդամություն ունեցող անձ:

Հանդիպման մասնակիցներին ծրագիրն իրականացնողներն ու շահառուները ներկայացրել են իրենց ձեռքբերումներն ու հաջողություները, սոցիալական ներառման, մասնավորապես զբաղվածության խթանման հարցերը:

Սիմպոզիումի աշխատանքներին ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին, Համաշխարհային բանկի, պետական, մասնավոր, հասարակական ոլորտի, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ծրագրի շահառուներ:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: