Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է զինծառայողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը

0
142

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 30-ին այցելել է  հանրապետության հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված N զորամաս:
Նախարար Ասատրյանը, ողջունելով զինծառայողներին, շնորհակալություն է հայտնել անձնուրաց ծառայության և ցուցաբերած բարձր մարտական պատրաստության ու ոգու համար, կարևորել բանակի և հասարակություն միջև օրեցօր ամրապնդվող կապը: Նախարարն հատուկ ընդգծել է, որ Հայոց բանակն անցնող տարվա ընթացքում ևս բազմիցս ցույց տվեց, որ ի զորու է ապահովել երկրի սահմանների անառիկությունը:

 

«Մեր կարևորագույն խնդիրը մեր բանակի մարտունակությունն է: Հակառակորդին խաղաղություն պարտադրելու այլընտրանք չկա, քանի որ վերջինս չի կարևորում իր մարդկային կորուստները, իսկ մեզ համար թանկ է մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը: Այս իրավիճակում բնական է, որ բանակի մարտունակության խնդիրը գտնվում է Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր երկրի բնականոն զարգացումը» – մասնավորապես նշել է Արտեմ Ասատրյանը:


Զորամասում շրջելուց, զինծառայողների կենցաղային պայմաններին ծանոթանալուց հետո նախարար Ասատրյանը զորանոցներում զրուցել է զինվորների և սպայակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայից և նրանց հուզող խնդիրներից՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանել նրանց հարցերին:

 

Զինծառայողների հետ զրույցում նախարարը նշել է, որ նրանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարարը նաև նշել է, որ չնայած զինծառայողներին և նրանց ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու խնդիր հետապնդող բազմաթիվ ծրագրերին, այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան:

 

Այցելության ավարտին նախարարը կրկին անգամ քաջալերել է Հայոց բանակի զինվորներին՝ շնորհավորանքներ հղելով Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամ, նրանց մաղթել առողջություն, խաղաղ երկինք, անձնական հաջողություններ և անկոտրում ոգի: