Հունիսի 20-ին Աղվերանում կազմակերպվել էր մասնագիտական սեմինար-քննարկում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սեմինարի հիմնական նպատակը լրագրողներին ԲՍՓ գործակալության գործունեության և ոլորտում իրականացվող բարեփոխումների իրազեկումն էր:
ԲՍՓ գործակալության պետ Արմեն Սողոյանը հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացրել է ԲՍՓ նպատակները, գործառույթները և կառուցվածքը, ինչպես նաև խոսել է գործակալության համագործակցության մասին այլ կազմակերպությունների հետ:
Վերափորձաքննության բաժնի առանձին գործառույթներ համակարգող Անուշ Սիմոնյանը անդրադարձել է ԲՍՓ դիմելու և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու կարգին՝ ներկայացրել է «Անձի բազմակողմանի գնահատման՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգը:
Տիկին Սիմոնյանը խոսել է նաև ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների, հաշմանդամության սահմանման նոր մոդելին անցնելու քայլերի և այդ ուղղությամբ ընթացող աշխատանքների մասին:
Սեմինարի ընթացքում ԲՍՓ գործակալության աշխատակիցները պատասխանել են լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հաշմանդամության խումբ ստանալու ընթացակարգին, համակարգում կոռուպցիոն ռիսկերին և հաշմանդամություն սահմանող նոր չափորոշիչների արդյունավետությանը:
Սեմինար-քննարկումը կազմակերպվել էր ՄԱԿ զարգացման ծրագրի աջակցությամբ: