ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է «SOAR» կազմակերպության ղեկավար Ջորջ Յաղուբյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով «SOAR»-ի կողմից տարիներ շարունակ հաստատությունների երեխաների կարիքների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը, իրականացրած աջակցության ծրագրերը` ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ մանկատների և խնամքի հաստատությունների վերակազմակերպմանն ուղղված աշխատանքները:
«Այս լայանածավալ բարեփոխումների շրջանակներում մենք համագործակցում ենք ոլորտում շահագրգիռ կառույցների հետ և ուրախ կլինենք ևս մեկ աջակցող կազմակերպության ընդգրկել մեր համագործակցության շրջանակ: Վստահ եմ, որ հաստատություններից բացի, կենտրոնացված և հասցեական աջակցություն կցուցաբերվի նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքներին»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:
Ջորջ Յաղուբյանն իր հերթին ներկացրել է «SOAR»-ի տասնամյա գործունեությունը, իրականացրած աշխատանքները, Հայաստանում մանկատների և խնամքի հաստատություններին ցուցաբերած աջակցությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել երեխաների պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների շրջանակներում, ըստ գնահատված կարիքների, հասցեական աջակցություն ցուցաբերել հաստատություններից տուն վերադարձող երեխաների ընտանիքներին: