Հաշմանդամության նոր օրենքը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը. Ա. Ասատրյան

0
126

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  կողմից նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  պաշտպանության  և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկմանը:

Ողջունելով և կարևորելով հանրային քննարկումների ձևաչափը, նախարարը նշել է, որ  բոլոր կողմերի նպատակը   միտված է ոլորտում իրավիճակ փոխելուն. «Գործող օրենքը ընդունվել է 1993թ. և այս տարիների ընթացքում փոփոխվել են թե մոտեցումները, և թե կարգավորման առարկան ու խնդիրները: Նոր օրենքի ընդունման խիստ անհրաժեշտություն է  առաջացել: Այսօրվա գործող օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մասին, իսկ ներկայիս քաղաքականությունը առաջին հերթին վերաբերում է այդ անձանց սոցիալական ներառմանը և հասարակությանը ինտեգրելուն: Այս տեսլականով է ներկայացված օրենքի նախագիծը»:

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է սահմանել համալիր ծրագիր, որը կներառի մատչելիության, մասնակցության և հասարակական կյանքին ամբողջական ընդգրկված լինելու մի շարք միջոցառումներ:

«Բնականաբար, հնարավոր չէ ոլորտում մեկ օրում լուծել բոլոր խնդիրները: Կարևորն այն է, որ օրենքում նշվում են այն բոլոր ուղղությունները, որոնց միջոցով պետք է իրականացվի հաշմանդամության ոլորտի  քաղաքականությունն ու ծրագրերը: Դրված են նաև մոնիթորինգի հստակ մեխանիզմներ, որպեսզի կարողանանք անկախ մարմնի միջոցով իրականացնենք և օրենքի, և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը»,- հավելել է նախարարը:

Այս համատեքստում նախարարը անդրադարձել է ՄԻՊ-ի հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից արդեն կա առաջարկ՝  անկախ մոնիթորինգի իրականացման  մեխանիզմ դիտարկել  մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու հնարավորությունները. «Իսկապես պետք է ստեղծենք ձևաչափ, որպեսզի հնարավորություն տրվի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ընդգրկված լինել այս գործընթացում»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակի տրամադրման խնդրին, նախարարը շեշտել է, որ գումարների տրամադրման քաղաքականությունից պետք է անցում կատարվի  խորքային կարիքի գնահատման և գնահատված կարիքի վրա անհրաժեշտ ծառայությունների մատուցմանը: «Շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրելով կենսաթոշակ կամ որևէ պրոթեզաօրթոպեդիկ պարագա՝ համարում ենք, որ այն խնդիրները, որ կան լուծել ենք,  բայց իրականության մեջ խնդիրները շատ ավելի խորքային են: Իրականում հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասի համար շատ ավելի կարևոր է տրամադրվող և մատուցվող ծառայությունները և դրանք՝ գնահատված կարիքին համապատասխանեցնելը»,-ընդգծել է նախարարը:

Արտեմ Ասատրյանը անդրադարձել է նաև հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրմանը, որը առողջական խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն սահմանելուց բացի, շատ ավելի մեծ դերակատարում է ունենալու թե շրջակա միջավայրի մատչելիության և թե  ծառայությունների մատուցման տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսելով օրենքի նախագծի մասին՝  նշել է, որ  նախագիծը առաջնահերթ նպատակ է հետապնդում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, հատկապես՝ պրակտիկ կյանքում նրանց մասնակցությունը. «Այս առումով մենք ունենք առաջարկներ, որոնք վերաբերում են առավել արդյունավետ մասնակցությանը, ընդ որում՝ կապված երեխաների, կանանց ևտղամարդկանց մասնակցության հետ: Դրանից բացի, հաշմանդամություն հասկացության հետ կապված կան որոշակի նկատառումներ, պետք է ճիշտ սահմանել, հստակ, միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի դրանից ելնելով թե՛ ենթաօրենսդրական ակտերը, թե՛ ճյուղային օրենսդրությունը լինի շատ կոնկրետ»:

Քննարկմանը ներկա էին հաշմանդամության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց հերթին օրենքի նախագծի հետ կապված հնչեցրել են որոշ մտահոգություններ՝  միաժամանակ ընդգծելով օրենքի նախագծով կարգավորվող մի շարք կարևոր խնդիրներ:

Օրենքի նախագծի քննարկման ընթացքում հնչած բոլոր կարծիքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։