Եթե համակարգը թարախակալված է և թերապևտիկ միջոցները այլևս չեն լուծում խնդիրը, պետք է անցնել վիրահատական միջոցների. Ա. Ասատրյան

0
125

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սոցիալական ոլորտին ուղղված հանձնարարականներն ըստ էության:

Հիմնական և առանցքային փոփոխությունը, որ  նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում,  վերաբերում է Բժշկասոցիալական փորձաքննության  գործակալության գործառույթների վերակազմակերպմանն ու վերաիմաստավորմանը: «Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ կատարելու համար նախատեսվում է տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումները որոշում կայացնողների հետ: Կձևավորվի որոշումների կայացման կենտրոնացված մարմին, կվերանայվեն հաշմանդամության սահմանման գործող չափորոշիչները, որոնք հստակ կտարանջատեն «հիվանդ լինելը» և «հաշմանդամություն ունենալը»,-նշել է նախարարը:  Ըստ նախարարի, եթե համակարգը թարախակալված է և թերապևտիկ միջոցները այլևս չեն լուծում խնդիրը, պետք է անցնել վիրահատական միջոցների. «Այսինքն, բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովները, որոնք այսօր ամենախնդրահարույցն են, ուղղակի վերացնելու ենք»:

Նախարարի խոսքով՝ առաջիկա տասն օրվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ  համակարգում արմատական բարեփոխմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվելու:

Նախարարը նաև վստահեցրել է, որ ոլորտում խնդիրների լուծմանը զուգահեռ լուրջ աշխատանքներ տարվել են, որոնցից թերևս ամենակարևորը հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրումն է, որը կսկսի կիրառվել 2017թ-ից: Ինչ վերաբերում է համակարգում կոռուպցիոն դրսևորումներին՝ նախարարն ասել է. «Անընդհատ հնչել են մտահոգություններ, բողոքներ, բայց առարկայական փաստեր ներկայացնելու պահանջը որպես կանոն անարձագանք է մնացել, ինչը թույլ չի տվել  պայքարել»:

Ոլորտի մյուս ուղղությունը ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրերի արդյունավետությանն է վերաբերում: Նախարարի խոսքով պետք է իրականացվի անապահովության գնահատման մոտեցումների ու մեթոդաբանության արմատական վերանայում և պետք է  հիմք ընդունվի   ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովումը, այսինքն՝ այն ընտանիքը՝ որտեղ  աշխատաունակ անձ կա, պետք է բացառել նպաստը: Անապահովության գնահատման համակարգում «ամեն գնով» 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալու համար ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն, նշել է նախարարը:

Հաջորդ  ուղղությունը զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացումն է, որի շրջանակներում բարձր և միջին ծախս ունեցող ծրագրերից միջոցների ուղղում պետք է կատարվի  առավել ցածր միջին ծախս ունեցող ծրագրերին՝ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսով ավելի շատ շահառուների սպասարկումը, զբաղվածության որոշ ծրագրերի պատվիրակումը պետք է իրականացվի առավել մասնագիտացած պետական կառույցներին, ասել է նախարարը:

Անդրադառնալով կենսաթոշակների ոլորտում արդյունավետ ծախսերի կատարմանը՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ այս ոլորտում  կարևորագույն խնդիր է աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը, և դրա հետ կապված առաջիկայում կներակայցվեն առաջարկություններ: