Հունիսի 23-ին պաշտոնապես բացվեց Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի «Ակտուարական մաթեմատիկա» ամբիոնը

0
222

Ակտուարական մաթեմատիկան նոր մասնագիտություն է Հայաստանի կրթական համակարգում: Սակայն եթե շատ բնագավառներում այն նորություն է, ապա սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանում այն իր դերակատարումն է ունեցել:
Դեռ 2001 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և օժանդակությամբ հիմնադրվեց Հայաստանում առաջին և առայժմ միակ Ակտուարական գրասենյակը: Որպես մասնագիտության կրթական հիմք` ԵՊՀ-ում ստեղծվեց նաև «Ակտուարական գիտությունների կենտրոնը», որն իր տեխնիկական հագեցվածությամբ և գրադարանով եզակի է կովկասյան տարածաշրջանում:
Բացման հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նա կարևորելով ամբիոնի ստեղծումը նշեց, որ «Նորք» կետրոնում գործող ակտուարական գրասենյակն իր գործունեության վեց տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է սոցիալական աջակցության պետական ամենամեծ ծրագրի` «Աղքատության ընտանեկան նպաստների համակարգի վերլուծությունը և ռեգրեսիոն մոդելների կառուցումը», «ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագրի վերլուծությունները և կանխատեսումները», «Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման վերլուծությունը»: «Այս վերլուծությունների արդյունքները մեզ հնարավորություն են տալիս աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների ընթացքը ճիշտ ուղղորդել, կանխատեսումների հիման վրա քայլ առաջ պլանավորել միջոցառումների ծրագրերը և դրանց արդյունքը», – ավելացրեց նախարարը:
Հավելենք, որ կարևոր մի քայլ կատարվեց նաև 2005 թվականին, որբ «Նորք» կենտրոնի և ԵՊՀ-ի միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր` համատեղ ակտուարական հետազոտությունների իրականացման և ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:
Փաստորեն, այս օրերին ակտուարական մասնագիտությամբ բուհն են ավարտում բակալավրական ծրագրի առաջին շրջանավարտները: Համոզված եմ, որ աշխատաշուկայում շուտով մեծ է լինելու նրանց պահանջարկը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի, պետական կառավարման մարմինների, կրթական, գիտական և գործարար շրջանակների, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: