«Երևանը 5 օրում» Երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին Հայաստանի մարզերի 32 երիտասարդների հյուրընկալեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

0
100

Երիտասարդության և համայնքների գործողությունների ծրագրի աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնության նպատակն է համայնքների առավել ակտիվ երիտասարդներին ծանոթացնել ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործունեությանը` անմիջական այցելությունների, զրույցների և քննարկումների միջոցով նպաստել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, դատական համակարգերի, կրթության, աշխատանքի և սոցիալական, արտաքին հարաբերությունների ոլորտներում տարվող պետական քաղաքականության մասին երիտասարդների գիտելիքների լրացմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում երիտասարդներին ողջունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նա կարևորեց երիտասարդների քաղաքացիական ակտիվացմանն ուղղված այս ծրագիրը: Մասնակիցներին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, որպես ՀՀ կառավարության քաղաքականությունն այս ոլորտում իրականացնող գործադիր մարմնի հիմնական գործունեությունը: Անդրադառնալով երիտասարդների հիմնախնդիրներին` նախարարը խոսեց երիտասարդների զբաղվածության, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման, մասնագիտության ճիշտ ընտրության նպատակով նախարարության համակարգում նոր ստեղծվող Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի նպատակների ու խնդիրների մասին:
Սոցիալական աջակցության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը և իրականացվող ծրագրերը երիտասարդներին ներկայացրեցին համանուն վարչությունների ղեկավարները: Խոսվեց նաև նշված ոլորտներում երիտասարդների հիմնահարցերի լուծման ուղղությամբ տարվող միջոցառումների մասին:
Մասնակիցներին ողջունեց նաև ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական համակարգերի հզորացման ծրագրի տնօրեն Էմի Ռեմմը:
Ի դեպ, Երիտասարդության և համայնքների գործողությունների ծրագիրը հնգամյա ծրագիր է, որը մեկնարկել է 2004թ. սեպտեմբերին և իրականացվում է Կրթության զարգացման ակադեմիայի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այս շրջանակներում իրականացվող «Երևանը 5 օրում» Երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագիրը մեկնարկել է 2006 թվականից: Հիմնվելով նախորդ տարվա հաջողություն վրա` 2007թ-ի հունիսի 25-ից Հայաստանի 10 մարզերը ներկայացնող 32 երիտասարդներ 5 օր անցկացնում են Երևանում: Նրանք այցելում են ՀՀ Նախագահի նստավայր, Ազգային ժողով, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ, մշակույթի, աշխատանքի և սոցիալական հարցերի և արտաքին գործերի նախարարություններ, հանդիպում այդ կառույցների ներկայացուցիչների հետ: Երիտասարդները կմասնակցեն նաև քաղաքացիական հասարակության վերաբերյալ ինտերակտիվ սեմինար հանդիպումների և հնարավորություն կունենան միմյանց հետ փոխանակել գաղափարներ և իրենց համայնքներում իրականացված ծրագրերի մասին տեղեկություններ` ավելի հզորացնելու Հայաստանում ԵՀԳԾ համայնքների և քաղաքացիականորեն ակտիվ երիտասարդների ցանցը: