2007թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի մանկատների 12 շրջանավարտներ տոնում են իրենց բնակարանամուտը Երևանի Չարբախ թաղամասի նորակառույց շենքում: Արարողությունը կատարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Պետական աջակցություն Հայաստանի մանկատների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է 2003 թ-ից:
ՀՀ կառավարության 2003թ. հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշումով հաստատված «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի կարևորագույն բաղադրիչը բնաակարանով ապահովելն ու բնակության համար անհրաժեշտ գույքի ապահովումն է: Մյուս բաղադրիչներն են`
ա) մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում,
բ) հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում (աշխատանքի տեղավորում),
գ) բժշկական, իրավաբանական օգնություն, սոցիալական բազմաբնույթ աջակցության տրամադրում:
2003թ-ից մինչ օրս ծրագրում որպես շահառու ընդգրկվել է մանկատների 245 շրջանավարտ:
2003-2006թթ. ծրագրերով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջությամբ, իսկ բնակարանների տրամադրման գործընթացը շարունակական է և կավարտվի 2007թ-ի դեկտեմբերին:
2003-2006 թվականների ընթացքում`
- 26 շահառու ստացել է առաջնային մասնագիտական ուսուցում
- 50-ը` մասնագիտական վերապատրաստում
- 14-ը `միջին մասնագիտական կրթություն
- 16-ը` բարձրագույն կրթություն
- 54-ը` կրթաթոշակ
- 61 նոր շրջանավարտներ` միանվագ դրամական օգնություն
- 196-ը` բուժզննում
- 2 դատական գործ կարճվել է
- 60-ը տեղավորվել են աշխատանքի: