Նշվում է տարեցների միջազգային օրը

0
130

Հոկտեմբերի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության բոլոր տուն ինտերնատներում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց տարեցների միջազգային օրը:
Ելնելով ազգային ավանդույթներից և արժեքներից` հայ ժողովուրդն առանձնակի վերաբերմունք է դրսևորում ծնողի, տարեցի նկատմամբ, իբրև ընտանիքի հենասյուն, օջախի ծուխ: Ետ չմնալով աշխարհի «օրենքներ?ց» և ընդառաջ գնալով արդեն ավանդական դարձած տոնի խորհրդին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն իր շնորհավորական ուղերձը հղեց բոլոր տարեցներին: Այսօր նա այցելեց նաև նախարարության համակարգում գործող Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներում ապրող ծերերին, ջերմ խոսքերով ողջունեց և քաջ առողջություն մաղթեց նրանց:

Ինչպես իր խոսքում նշեց նախարարը, ՀՀ կառավարությունն` ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, անում է հնարավորը` պետության խնամքի տակ գտնվող տարեցների կենցաղի, առողջության և սոցիալական ապահովության հետ կապված խնդիրները լուծելու համար: Դրա լավագույն ապացույցն է տուն ինտերնատներում տարեցտարի նկատվող կենցաղային, առողջության և սպասարկման ոլորտի բարելավումը: Ստեղծվում են նաև նպաստավոր պայմաններ` տարեցներին մշակութային կյանքին մասնակից դարձնելու համար:
Հանդիսության վերջում տուն ինտերնատների բնակիչները շնորհակալություն հայտնեցին նախարարին և նախարարության անձնակազմին` ուշադրության և հոգատարության համար: