ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը

0
106

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը` Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան պրն. Քրիստիան Տեր-Ստեփանյանը և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տկն. Բոյանա Ուրումովան:
Պրն. Վարդանյանը ներկայացրեց սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները, նախարարության կողմից հաշմանդամների, տարեցների, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Առավել կարևորներից նա խոսեց Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության, Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-15թ.թ. ազգային ծրագրի, Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010թթ. ռազմավարության, Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրի մասին:
Նա նշեց, որ նախարարությունը պատրաստվում է մշակել Սոցիալական ոլորտի կայուն զարգացման ռազմավարություն, որը հնարավորություն կտա ի մի բերել տարբեր ոլորտներին վերաբերվող ռազմավարություններն ու ծրագրերը: Հաջորդ քայլը կլինի Սոցիալական Օրենսգրքի մշակումն ու ընդունումը: Պարոն Վարդանյանը հաջողված համարեց նաև եվրոպական տարբեր կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ նախարարության համագործակցությունը:
Պարոն Համմարբերգը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանը վավերացրել է Վերանայված Սոցիալական խարտիան, գործուն քայլեր է իրականացնում սոցիալական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ստորագրել և պատրաստվում է վավերացնել ՄԱԿ–ի կողմից ընդունված հաշմանդամների իրավունքների նոր կոնվենցիան: Մտահոգություն հայտնվեց, որ Հայաստանի Հնարապետությունը դեռևս չի վավերացրել մարդկանց թրաֆիկինգի և կոլեկտիվ բողոքներ ներկայացնելու կոնվենցիաները: Նա նշեց, որ արդեն հասցրել է ծանոթանալ աղետի գոտու, Երևանում` Ադրբեջանից տեղահանված փախստականների, քաղաքական կյանքում կանանց մասնակցության, կենցաղային բռնությունների և այլ խնդիրներին և իր առաջարկությունները ներկայացրեց դրանք հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ:
Բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ պարոն Վարդանյանը ներկայացրեց նախարարության մոտեցումները, ծավալվեց շահագրգիռ և արդյունավետ քննարկում: Պարոն Վարդանյանը նշեց նաև, որ առաքելության արդյունքում ներկայացվող զեկույցը կօգնի ՀՀ կառավարությանը` համապատասխան եզրակացություններ անելու և սոցիալական իրավունքի ոլորտում եվրոպական արժեքներին համահունչ քաղաքականություն իրականացնելու գործում: